Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/27

Այս էջը հաստատված է

Այժմ կարող ես գնալ, քանի որ ամրոցում դեռ քնած են: Երբ հարկավոր լինես, կրկին կկանչեմ քեզ։— Սուրենը, մինչև հատակը խոնարհվելով, գլուխ տվեց:

— Դու, իհարկե, ձեր տա՞նը կմնաս,— հարցրեց երիտասարդը։

— Ոչ, տեր իմ, ես երդվել եմ իմ կնոջ, իմ զավակների երեսը չտեսնել, մինչև...

Նա չավարտեց խոսքը, բայց երիտասարդը հասկացավ, թե ինչ էր կամենում ասել։ Բարի և քաջ զինվո՜ր. ամբողջ հինգ տարի հայրենիքից տարակա էր նա, ծառայում էր Պարսկաստանի հայկական հեծելազորքի մեջ, մասնակցել էր շատ արշավանքների քուշանաց դեմ, իսկ այժմ վերադարձել էր յուր հայրենիքը։ Նրա հայրենի ավանը, Խորնին, շատ հեռու չէր Ողական ամրոցից, նա չէր ցանկանում յուր տնակը տեսնել, որովհետև նրան զբաղեցնում էր մի գործ, որ ավելի մոտ էր նրա սրտին, քան թե կինը, որդին, բարեկամը...

— Ուրեմն դու որտե՞ղ կմնաս։

— Աշտիշատի վանքում,— պատասխանեց նա.— այնտեղ չեն ճանաչի ինձ, կմնամ, որպես մի օտարական։ Ես իմ ձին այնտեղ եմ պահ տվել:

Երիտասարդը ցած իջավ գահավորակի վրայից և, ավելի պինդ փաթաթվելով յուր լայն վերարկուի մեջ, անցավ քնարանը։ Սուրենը հետևեց նրան։ Նա մոտեցավ յուր մահճակալին և ձեռքով մի կողմ ծալեց մահճակալի առջև փռած գորգը։ Հետո մատը սեղմեց երկաթյա հազիվ նշմարվող զսպանակի վրա, իսկույն հատակի տախտակամածը բարձրացավ, և հայտնվեցավ մի քառակուսի ծակ։

— Դու ծանո՞թ ես այս անցքի հետ, - դարձավ նա դեպի Սուրենը։

— Ի՞նչպես ծանոթ չլինել, տեր իմ,- պատասխանեց Սուրենը մի առանձին զգացմունքով, - այդ սենյակը հանգուցյալ սպարապետի քնարանն էր. ես դեռ պատանի էի, իմ երեսին մի մազի հետք անգամ չկար, երբ այդ սենյակի հատակը ավելում էի...

Սուրենը մանկությունից սնվել, մեծացել էր այդ ամրոցում։ Մամիկոնյանների գյուղացին լինելով, իբրև մի շնորհալի և մաքուր տղա, նրան բերեցին ամրոցը։ Երբ բավական վարժվեցավ, սենեկապետի պաշտոն էր կատարում։

Երիտասարդը պատուհանից վեր առեց պողովատի կայծհանը, կայծքարը և աբեթը, զարկեց միմյանց, կայծերը ցայտերին,