Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/272

Այս էջը սրբագրված է

ներ։ Նրա ներքևում անհանգիստ կերպով ծփում էր Վանա ծովակը։ Նա ծփում էր որպես մի սիրահար, որ շուտով պիտի բաժանվի յուր սիրուհուց։ Անզուսպ տարփանքով հափշտակվել էր նա երկնից դժխոյի գունաթափ շառավիղներով, և շողշողալով գրկվում էր նրանց հետ, համբուրվում էր և կարծես, յուր ալիքների տխուր շշնջյունով ասելիս լիներ. «Մի՛ գնացեք, մի՛ թողեք ինձ խավարի մեջ...»։

Բայց նա գնում էր...

Ծովակի արևելյան ափերի վրա դեռ նշմարվում էին մի հինավուրց քաղաքի բարձր աշտարակները և ատամնավոր շրջապարիսպները։ Լուսնի լուսավորության ներքո այդ վաղեմի քաղաքը ներկայանում էր որպես մի պառավ կախարդ, որ յուր ծերության մեջ տակավին մնացել էր գեղեցիկ, տակավին մնացել էր հրապուրիչ։ Այնտե՛ղ, նրա օդակառույց ապարանքների մեջ, այնտե՛ղ, նրա բարձր կախաղանավոր պարտեզներում, մի ժամանակ, հայոց մի երիտասարդ թագավորի սիրով, զվարճանում էր աշխարհի ամենամեծ կախարդը — Շամիրամը։

Դա Վան քաղաքն էր։

Լուսինը ծածկվեցավ Սիփանի բարձրությունների մեջ և յուր ետևից թողեց մթին խավար։ Այլևս չէր երևում սիրուն քաղաքը․ այլևս չէր երևում փայլուն ծովակը։ Լսելի էր լինում միայն ալիքների խուլ հառաչանքը, որ գիշերային լռության մեջ հնչում էին որպես մի սգավորի ողբաձայն աղաղակներ։ Լուսնի լուսավորությանը փոխարինեց մի այլ լուսավորություն։

Ուղիղ այն կողմում, որտեղ կանգնած էր քաղաքը, օդի մեջ երևացին բազմաթիվ հրեղեն գնդակներ։ Այդ երևույթը սկզբից այնպիսի տպավորություն էր գործում, կարծես ամբողջ երկինքը բոցավառվում էր մի ընդարձակ հրդեհով, և աստղերը այրվելով, մեկ-մեկ ցած էին թափվում։ Բայց հրեղեն գնդակները բարձրանում էիններքևից և, օդի մեջ զանազան պտույտներ գործելով, հետո ցած էին ընկնում։ Այնտեղ կատարվում էր մի հանդիսավոր հրախաղություն, բայց — դժոխային հրախաղություն...

Հրեղեն տարափը, հրեղեն կարկուտի նման, շարունակում էր տեղալ։ Նա հետզհետե աճում էր ավելի փութով, նա հետզհետե ընդարձակվում էր ավելի եռանդով։ Երբեմն շրջակայքը դղրդվում էր խառնաձայն աղաղակների խուլ արձագանքներով։ Այդ աղաղակները, որպեպես մի զարհուրելի կատաղություն, լսելի էին լինում