Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/273

Այս էջը սրբագրված է

հրային սաստիկ ժայթքումներից հետո, որպես զայրացած երկնքի աղաղակը լսելի է լինում կայծակի ահռելի փայլատակումից հետո:

Վանը պաշարված էր։

Այդ կրակը, այդ հուրն ու բոցը թափվում էր դժբախտ քաղաքի վրա։ Նրան պաշարել էին վայրենի ռշտունիները իրանց դրացի սասունցիների հետ։ Նա պաշարված էր այդ լեռնականներից, որպես մի ժամանակ դժբախտ Տրոյան պաշարված էր հելլենացիներից։ Նախանձախնդիր հելլենացին կռվում էր գեղեցիկ Հեղինեի պատվի համար, որին յուր թագավոր ամուսնի հյուրասեր տնից հափշտակեց անամոթ տարփածուն։ Իսկ ռշտունիները կռվում էին իրանց աշխարհի սիրելի տիկնոջ համար, որին անգութ ձեռքով հափշտակեց — եղբայրը։

Լեռնականները, տիրելով մերձակա բլուրներին, նրանը բարձրությունից հուր էին ցանում քաղաքի վրա։ Նրանց հրանոթներն ապագա հրանոթների նախապապերն էին — հասարակ պարսետներ, խիստ պարզ կերպով շինված, բայց, չայրվելու համար, շղթաներից շինված։ Դրանց մեջ դնում էին կամ ծծումբով տոգորված շորի փաթոթներ կամ նավթի և այլ դյուրավառ հեղուկների մեջ թաթախված փալասի կտորներ, վառում էին և, պտույտացնելով օդի մեջ, ձգում էին դեպի քաղաքը: Ոմանք նույն պարսետներով նետում էին քարեր։

Շատ չանցավ, քաղաքը նույնպես սկսեց ներսից պատասխանել դրսի կրակներին։ Զանազան տեղերից բարձրացան բոցեր։ Բայց այդգ բոցերը բարձրանում էին և դարձյալ հանգչում էին ի- րանց տեղում, առանց քաղաքի պարիսպներից դուրս գնալու։ — Դրանք ներսի շինվածքների բոցերն էին, որ արդեն սկսել էին այրվիլ:

Քաղաքը պաշտպանող զորքը բաղկացած էր միայն պարսիկներից, որ բերել էին իրանց հետ Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը։ Օրհասական տագնապի մեջ, այդ զորքերը այնքան հոգ չէին տանում դրսի թշնամու հետ մաքառելու, որքան աշխատում էին զսպել ներսի բնակիչներին, որոնք սարսափեի խռովությամբ դուրս էին փախչում իրանց տներից, որտեղ որ հրդեհը արդեն սկսել էր ճարակել։ Զորքը վախենում էր, միգուցե քաղաքագիր բաց անեն քաղաքի դռները և թշնամուն ճանապարհ տան ներս մտնելու։

Բայց կրակը ավելի և ավելի տարածվում էր։ Նախ այրվեցան ախոռատների կտուրների վրա դիզած խոտերը, հետո մարագ