Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/276

Այս էջը սրբագրված է

որ փորված էին միակտուր ապառաժի մեջ։ Երբեմն յուր լոլո հայացքը դարձնում էր նա դեպի շուրջը կատարվող արհավիրքը և երբեմն նայում էր դեպի յուր առջևի խոտորնակի սանդուղքները, որ ձեռքի լապտերով լուսավորում էր մի սպա, թեև լապտերի ամենևին պետք չկար։ Երկար գնում էր նա մինչև բարձրացավ միջնբերդի գագաթը և կանգ առեց հիշյալ սրահակի դռան մոտ։ Նա գլխով նշան տվեց սպային, որ սպասե դրսում, իսկ ինքը հանեց գրպանից մի ծանր բանալի, բաց արեց երկաթյա դուռը և ներս մտավ։

— Ողջո՜ւյն, սիրելի Համազասպուհի,- ասաց նա մոտենալով տիկնոջը։ — Ես կարծում էի, որ դու քնած կլինես, երևի դրսի աղմուկը անհանգստացրեց քեզ։

— Այդ ի՞նչ աղմուկ է - հարցրեց տիկինը խռովյալ ձայնով։

— Ցնծությա՜ն աղմուկ, սիրելի Համազասպուհի։ Այդ դեռ հարսանիքի առաջին գիշերն է,— քո հարսանիքի, սիրելի Համազասպուհի: Տեսնո՜ւմ ես, ինպե՜ս գեղեցիկ լուսավորված է քաղաքը։ Ո՛չ, դու չես տեսնում, ես այս րոպեիս քեզ ցույց կտամ... Նա մոտեցավ, բաց արեց տիկնոջ ոտքի շղթան, բռնեց նրա ձեռքից և տարավ, կանգնեցրեց պատուհանի մոտ, ասելով.

— Նայի՛ր...

Կարծես դժոխքը յուր բոլոր զարհուրանքով բացվեցավ թշվառ տիկնոջ աչքերի առջև։ Նա դողդողաց, թուլացավ և ընկավ անգութ այցելուի բազուկների վրա, որը գրկեց նրան և կրկին դրեց յուր անկողնի վրա։

Այցելուն Վահան Մամիկոնյանն էր - Սամվելի հայրը և ուշաթափ եղած տիկնոջ հորեղբայրը։

Հսկայատիպ էր նա և ամրակազմ, և, որպես առհասարակ բոլոր Մամիկոնյանները, օժտված էր շատ հաճելի կերպարանքով։ Նրա փոքր-ինչ խիստ դեմքը արտահայտում էր հաստատամիտ մարդու թե համառությունը և թե անգթությունը, երբ այդ պետք էր։ Կրում էր պարսից նշաններ։ Տիկնոջ անակնկալ ուշաթափությունը բավական խռովություն պատճառեց նրան։ Նա Համազասպուհիին այս աստիճան թուլասիրտ չէր կարծում, այդ էր պատճառը յուր այնպես անզգույշ վարվելուն նրա հետ։ Բայց տիկնոջ ուշագնացությունը երկար չտևեց։ Նա բաց արեց յուր չի սրտմտությամբ աչքերը և, դառնալով դեպի յուր հորեղբայրը, ասաց.

— Ա՜յդ էիր ցանկանում, Վահան․․․ Միթե այդ աստիճան քարացա՜ծ են քո մեջ մարդկային զգացմունքները, որ դու ծաղրում