Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/277

Այս էջը սրբագրված է

ես հազարավոր ընտանիքների լացն ու կոծը, որ դու առ ոչինչ ևս համարում այդ թշվառների խորովվիլը իրանց տների ծածքերի ներքո, և նրանց թաղվիլը իրանց բնակարանների մոխրի մեջ․․․

— Ինչո՞ւ ես ի՛նձ հանդիմանում, սիրելի Համազասպուհի,- պատասխանեց նա հանդարտ կերպով։ — Ա՛յդ քո ամուսինն է, որ կրակ է թափում քաղաքի վրա։ Տիկնոջ զայրացած դեմքը ավելի գունաթափվեցավ։

— Իմ ամուսի՜նը,- բացականչեց նա դողդոջուն ձայնով։ — Այդ չէ՛ կարող լինել, Վահան, նա յուր կյանքում մի մրջյունի անգամ չէ վիրավորել։ Բաց արա՛ իմ շղթաները, Վահան, ես այս րոպեիս կգնամ, եթե նա է, իմ սրտի բոլոր դառնությունը կթափեմ նրա վրա․․․

— Այո՛, նա է, յուր վայրենի լեռնականներով պաշարել է քաղաքը։

— Եթե իմ ամուսինն է, անպատճառ ինձ համար է գործում այդ բարբարոսությունը։ Ինչո՞ւ բերեցիր ինձ այստեղ, Վահան, ինչո՞ւ խռովեցրիր առաքինի մարդուն։ Դու ավերակ դարձրիր մեր ամրոցները, և դրանով ևս չկարողանալով հագեցնել քո անգթությունը, դու քո հարազատին, քո արյունակցին գերի վարեցիր։ Ի՞նչ էր իմ հանցանքը։ Ինչո՞ւ եմ ես այստեղ, այս շղթաների մեջ, այղ քարեղեն բանտում, ուր ամենաթշվառ եղեռնագործներին են միայն աքսորում։ Ինչո՞ւ համար էր այդ բոլորը։ Նրա համար, որ բարի և ողորմած մարդուն գազանության մեջ դնեիր, որ նա գար և այդ դժոխային, այդ դիվական խաղը խաղար դժբախտ քաղաքի հետ...

Նա բռնեց աչքերը, սկսեց դառն կերպով հեկեկալ։ Նրա արտասուքը ազդեց Մամիկոնյան իշխանի վրա, որը, զսպելով սրտի խռովությունը, բռնեց նրա շղթայակապ ձեռքը և խիստ զգացված ձայնով ասաց.

— Այդ հարգելի ձեռքերը, որ միշտ սովորած են եղել բարիք գործելու, այո՛, այժմ շղթայի մեջ են, և այդ շղթան դրել է եղբայրը։ Բայց մի՝ նախատիր ինձ, սիրելի Համազասպուհի։ Կյանքի մեջ, մանավանդ պետությունների կյանքի մեջ, լինում են այնպիսի դառն հանգամանքներ, երբ հայր, մայր, քույր, եղբայր կամ օտար - բոլորը հավասար են և հավասար կերպով են պատժվում, երբ խոչընդոտ են դառնում մի մեծ ձեռնարկության իրագործմանը, որի մեջն է հասարակաց բարին, որից կախված է նրա ապագա երջանկությունը։ Մենք - թե ես և թե Մերուժանը,- ծառայում ենք այդ գործին...