Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/278

Այս էջը սրբագրված է

— Որն է այդ գործը, ո՞րն է այդ մեծ ձեռնարկությունը։

— Քեզ հայտնի է, սիրելի Համազասպուհի, այլևս ինչո՞ւ ես հարցնում։

Տիկնոջ տխուր աչքերը փայլեցան բարկության բոցով։ Նա գոչեց.

— Ամո՜թ քեզ։ Վահան, որ ամոթալի գործով արատավորում ես Մամիկոնյանների պայծառ հիշատակը... Թող այն օրը սև լիներ, երբ դու աշխարհ եկար... Թո՛ղ քո մայրը քո փոխարեն մի կտոր քար ծնած լիներ, և ոչ քեզ նման մի պատիժ ու պատուհաս Հայոց երկրի համար...

Իշխանը լռեց։

Նրա ամբողջ մարմնով անցավ մի ցուրտ սարսուռ, և հանդարտ դեմքի վրա երևացին անորոշ ցնցումներ, որ ար֊ տահայտում էին նրա խորին վրդովմունքը։

— Դու ինձ անիծում ես, Համազասպուհի։

— Ուրիշ խոսքերի արժանի չես դու, Վահան։ Նա՛, որ թողնում է մայրենի եկեղեցին, և պարսից հեթանոսական կրոնն է աշխատում տարածել յուր հայրենիքում,- նա՛, որ դավաճանում է յուր թագավորին և պարսից բարբարոսական իշխանությունն է կամենում հաստատել յուր հայրենիքում,- նա՛, որ կրակով և արյունով ոչնչացնում է հայրենի երկիրը,- նա միայն անեծքի է արժանի, Վահան։ Կանիծե՜ն քեզ հազարավոր մայրեր, որ պիտի զրկվին իրանց որդիներից... կանիծե՜ն քեզ հազարավոր ամուսիններ, որ պիտի այրի մնան... կանիծե՜ն քեզ հազարավոր քույրեր, որոնց եղբայրները պիտի ընկնին ներքին կռիվներում... կանիծե ն քեզ հազարավոր մանուկներ, որ պիտի որբ մնան... կանիծե քեզ ապագա սերունդը, քանի որ կհիշե չար մարդու գործերը...

Այդ խոսքերը կայծակի նման շանթում էին իշխանի սրտին։

— Այո՛,- պատասխանեց վշտալի ձայնով,- այդ բոլոր զոհերը պետք է կատարվին... և ես շատ ցավում եմ, որ պետք է կատարվին․․․ Բայց առանց այդ զոհերի փրկություն չի լինի... Թո ղ ներկա և ապագա սերունդը անիծե ինձ։ Բայց իմ խիղճը հանգիստ է։ Ես համոզված եմ, որ վատ գործ չեմ կատարում։ Ինչո՞ւ ես դու, Համազասպուհի, մոռանում անցյալը, ինչո՞ւ ես դու մոռանում պատմությունը - ամենամոտ ժամանակների աղետալի պատմությունը։ Երբ Տիրանը, մեր այժմյան աքսորյալ թագավորի հայրը, կամենալով իսպառ ջնջել Արծրունի և Ռշտունի նախարարների ամբողջ տոհմերը, երբ բոլորին կոտորել տվեց, առանց խնայելու սեռի