Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/28

Այս էջը հաստատված է

աբեթը վառվեցավ, նրանով վառեց ծծումբի լուցկին, իսկ վերջինով վառեց մոմպատի կծիկը և տվեց Սուրենի ձեռքը, ասելով․

— Դե՛, անցի՛ր։

Սուրենը կրկին անգամ լռությամբ գլուխ տվեց և, յուր սովորության համեմատ, երեսը խաչակնքեց, հետո ցած իջավ քառակուսի նեղ ծակից, որտեղից մի մարդ հազիվ կարող էր անցնել։ Երիտասարդը ցած թողեց տախտակյա փոքրիկ դռնակը և անցքը ծածկեց գորգով։

Այդ ամրոցի հատակի տակ կային բազմաթիվ ստորերկրյա անցքեր, որոնք, ցանցատեսակ լաբյուրինթոսի նման, տանում էին դեպի զանազան կողմեր։ Գլխավոր սենյակները, որոնց մեջ բնակվում էին ամրոցի տերերը, ունեին իրանց առանձին գաղտնի անցքերը, որոնք հատակի խորքերում միանում էին և այդպիսով պահպանում էին հաղորդակցություն թե միմյանց մեջ և թե դրսի հետ։


Դ

ՄԻ ԱՂՈՏ ՄԻՏՔ ԾԱԳՈՒՄ է ՆՐԱ ՄԵՋ

Սամվելը կրկին մտավ յուր ընդունարանը։

Այս առավոտ այդ կոկիկ, ընդարձակ սենյակը կարծես խեղդում էր նրան։ Նա մոտեցավ լուսամուտին, ետ քաշեց ծանր կերպասյա վարագույրը և բաց արեց փեղկերից մեկը, որ փոքր-ինչ թարմ օդ ներս թողնե։ Հետո բաց արեց դռները սպասավորի համար։ Սպասավորի փոխարեն ներս մտավ նրա գեղեցիկ, ոսկեգույն բարակը։ Այդ խելացի անասունը, կարծես նախասենյակում սպասում էր դռների բացվելուն։ Նա այն աստիճան քնքուշ և նրբակազմ էր, որ դրսից կարելի էր բոլոր կողքերը համբարել։ Երկար պարանոցի վրա կրում էր արծաթյա օղամանյակ։ Նա մոտեցավ և, կանգնելով ետևի թաթիկների վրա, առջևի թաթիկները բարձրացրեց, դրեց յուր տիրոջ կուրծքի վրա, և մի առանձին քաղցրությամբ նայում էր նրա երեսին, աշխատելով գուշակել, թե ինչո՛ւ էր նա այնքան տխուր։ Երիտասարդը ձեռքով փայփայեց նրա սիրուն գլուխը, երկար ականջները, նուրբ դունչը, և բարակը մխիթարվելով այդ փաղաքշանքից, ցած թողեց թաթիկները, հեռացավ սենյակի մի անկյունում և այնտեղ պառկեց, չդադարելով յուր հեզ