Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/280

Այս էջը սրբագրված է

չեն արյունից։ Մի փոքր անձնասիրություն ունեցի՛ր, Համազասպուհի։

— Ո՞վ սպանել տվեց քո հորը, կամենում եմ ասել և իմ եղբորը։

— Արշակ թագավորը։

— Ո՞վ կոտորել տվեց մեր փեսա Կամսարականների ցեղը և ագահ ձեռքով հափշտակեց նրանց Երվանդաշատ քաղաքը և Արտագերս ամրոցը։

— Արշակ թագավորը։ Բայց դրանով ի՞նչ ես կամենում ապացուցանել, Վահան։ Քո և Մերուժանի ապստամբությունը Արշակունյաց թագավորների դեմ չէ, այլ թագավորության դեմ է։ Հասկանո՞ւմ ես, Վահան։ Տիրանը կամ նրա որդի Արշակը կարող էին վատ թագավորներ լինել։ Բայց ինչով են մեղավոր նրանց մառանգները։ Գուցե Արշակի որդի Պապը շատ լավ թագավոր կլինի մեզ համար։

— Սխալվում ես, Համազասպուհի, օձից ձուկն չի ծնվի, և ոչ գայլից գառն։

— Դու ես սխալվում. Վահան։ Ահա՛ քեզանից ծնվել է Սամվելը, որ ամենապատվական երիտասարդ է։

Հազիվ թե ամբողջ աշխարհում կարող էր գտնվիլ մի արարած, որ համարձակվեր այնպես երես առ երես և այնպես կծու կերպով նախատել այդ գոռոզ, անձնասեր իշխանին և ինքը մնար անպա¬ տիժ։ Բայց Վահանը ո՛չ միայն հարգում էր նրան, այլև սաստիկ սիրում էր։ Մամիկոնյան բոլոր աղջիկների մեջ հայտնի էր Համազասպուհին թե յուր բարձր առաքինությամբ և թե յուր խելքով։ Այդ էր պատճառը, որ վայելում էր բոլորի սերը։ Բայց իշխանը, նկատելով, որ վիճաբանությունը խիստ սուր կերպարանք է ստանում, զանցառության տվեց յուր հարազատից կրած վիրավորանքը, ասելով.

— Սամվելը իմ որդին չի լինի, եթե ինձ չի հետևի... Բայց այդ թողնենք, մենք հեռանում ենք հարցից, Համազասպուհի: Իմ բերած ապացույցները Տիրանի և Արշակի անկարգ վարմունքների մասին միայն այն նպատակով էր, որ քեզ ցույց տամ, թե ես և թե Մերուժանը իրավացի պատճառներ ունենք Արշակունիներին ատելու։ Նույն իրավացի պատճառները ունեիր ավելի դու, Համազասպուհի, որովհետև Արշակը քո հայրասպանն է։ Նույն իրավացի պատճառներն ուներ և քո ամուսինը, որովհետև Արշակունիներր կոտորել տվին նրա ամբողջ ազգատոհմը։ Բայց թե դու և թե քո ամուսինը ո՛չ միայն հավատարիմ եք մնացել ձեր նախնիքը կոտորողներին