Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/282

Այս էջը սրբագրված է

որովհետև օտար երկրից եկած պարթևներ են։ Նրանց միայն համբերում էինք մենք, համբերում էին և պարսիկները, քանի դեռ Պարսկաստանում նույնպես Արշակունյաց տոհմն էր տիրում։ Այնտեղ ընկան նրանք, և հիմնվեցավ նոր, Սասանյան պետությունը։ Այժմյան Սասանյանները չեն կարող համբերել և չեն համբերում մեր քրիստոնյա Արշակունիներին։ Մենք աշխատում ենք այդ գայթակղության քարը մեջտեղից վերցնել։ Մենք այսուհետև միայն կունենանք մեր հարազատ թագավորը, որովհետև Շապուհը խոստացել է տալ Մերուժանին հայոց թագավորությունը։

Տիկնոջ դեմքի վրա երևաց մի արհամարհական ժպիտ, և նա, գեղեցիկ գլուխը շարժելով, պատասխանեց.

— Թե որքա՞ն կարելի է հավատալ խորամանկ Շապուհի նենգավոր խոստումներին,- այդ դեռ մի երազական ցնորք է, որով խելագար Մերուժանը միայն կարող է հրապուրվել։ Այդ թո՛ղ մնա։ Բայց եթե այնպես դատելու լինենք, որպես դու ես դատում, Վահան, ասելով, թե Արշակունիները մեր հարազատները չեն, որովհետև օտար երկրից եկած պարթևներ են,- այդպիսով մեզանից ոչ ոք հարազատ չի լինի Հայոց երկրին։ Մենք, Մամիկոնյաններս, ճենացիներ ենք, քո սիրելի Մերուժանի նախնիքը ասորեստանցիք են, և այդպես, շատ նախարարական տներ օտար ծագումներից են առաջ եկած։ Բայց ժամանակները բոլորին հայացրին, այժմ հայոց լեզվով են խոսում, հայոց կրոնն են պաշտում և արյունով խառնվեցան հայերի հետ։ Նույն պայմաններին ենթարկվեցան և Արշակունիները։

Իշխանի համբերությունը հատավ։ Նա վեր կացավ և, կանգնելով տիկնոջ մոտ, արտասանեց հետևյալ խոսքերը.

— Դու սիրում ես վիճաբանել, Համազասպուհի, դու վիճաբա՛ն էիր և այն ժամանակ, երբ դեռ փոքրիկ էիր և մեր ամրոցի բակում միասին գնդակներ էինք խաղում։ Ես կարճ կկտրեմ քեզ հետ։ Ահա՛ մեր ուխտը, քրիստոնեությունը պետք է ոչնչանա, Արշակունյաց իշխանությունը պետք է ընկնի, որովհետև այդ է պահանջում մեր երկրի խաղաղությունը։ Մերուժանը պետք է հայոց թագավոր դառնա՝ պարսից գերիշխանության ներքո։ Մենք պետք է կրոնով միանանք պարսիկների հետ՝ մեր բարեկամությունը ավելի ամրապնդելու համար։ Մեր և նրանց մեջ կրոնի խտրություն չպիտի լինի։

— Թո՛ղ նրանք միանան մեզ հետ,- ընդհատեց տիկինը,- թո՛ղ նրանք ընդունեն քրիստոնեությունը, դարձյալ մեր և նրանց մեջ կրոնի խտրություն չի լինի։