Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/283

Այս էջը սրբագրված է

— Միշտ տկարները հետևում են հզորներին։ Մենք տկար ենք, իսկ նրանք զորավոր։

— Քրիստոնեության մեջ ամենափոքրը ամենից մեծն է, ամենատկարը ամենից զորավորը։

— Այդ ցնո՜րք է. տկարր տկար է, զորավորը՝ զորավոր։ Դու միայն այն ասա՛. Համազասպուհի, համաձա՜յն ես մեզ հետ։

— Երբե՛ք։

— Ով որ մեզ հետ համաձայն չէ, մեր թշնամին է։

— Ես ամենևին ինձ քո բարեկամը չեմ համարում, թեև քո եղբոր աղջիկն եմ։

— Ով որ մեզ չի հետևում, նա կպատժվի և անխնա կերպով պատժվի։

— Դրանից ավելի պատիժ այլևս ի՞նչ պետք է լինի։ Նա ցույց տվեց յուր շղթաները։

— Դրանից ավելի սարսափելին կա, Համազասպուհի։

— Ես պատրաստ եմ, Վահան։

— Լավ մտածիր։

— Ես բոլորը մտածել և վճռել եմ։

Դրսի աղաղակները լսելի եղան ավելի զարհուրելի հնչյուններով։ Փոքրիկ սրահակը ուր գտնվում էին նրանք, լուսավորվեցավ վառ՝ արյունագույն լույսով։ Վիճաբանությունը ընդհատվեցավ։ Տիկինը բռնեց աչքերը, բացականչելով.

— Ահա՛, Վահան, քո սպառնալյաց պատասխանը... ահա ի՛նչ եք ցանկանում դուք - այդ կրա՞կը, այդ արյո՞ւնը...»


Ե

ՍԱՐՍԱՓԵԼԻ ԳԻՇԵՐՎԱ ԱՌԱՎՈՏԸ

Դեռ մութն էր, դեռ բավական ժամանակ կար մինչև առավոտը։

Մի սպիտակ ձիավոր, շրջապատված մի խումբ թիկնապահներով, անդադար արշավում էր խռովյալ քաղաքի մի փողոցից դեպի մյուսը, որտեղ հուզմունքը ավելի սաստկանում էր։ նա անցնում էր կրակների միջով, նա անցնում էր կործանվող շինվածքների տակով, առանց ամենափոքր երկյուղ կամ վտանգ զգալու։ նրա ծայրահեղ անձնավստահությունը այնպիսի տպավորություն էր