Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/284

Այս էջը սրբագրված է

գործում, կարծես այդ վեհապանծ ձիավորի մարմինը դյութված կամ կախարդված լիներ, որ անմխելի էր դարձել ամեն զորությանդ առջև։ Եվ իրավ, նրա մասին մի այդպիսի կարծիք կազմվել էր հասարակության մեջ։

Դա Մերուժան Արծրունին էր։

Յուր փառասիրության չափ փառահեղ էր ստեղծել նրան բնությունը, իսկ յուր անզուսպ անգթության չափով - սոսկալի։ Նրա տոհմային ասորական արյունը խառնվելով հայկականի և Զայմար ամրոցի վիշապազունների արյան հետ, տվել էին նրա հզոր կազմվածքին վիշապի ահավորություն։ Նույն ահավորության մեջ նա գեղեցիկ էր և վայելչակազմ, որքան գեղեցիկ է լինում հոգեառ Սադայելը։

Յուր պղնձյա ամրակուռ զրահավորության մեջ, յուր զենքերի շողշողուն փայլով, հրդեհների վառ ճառագայթների առջև փայլում էր նա յուր անվան համեմատ, որպես մի արեգակ լուսապայծառ, որ աչք էր շլացնում։

Ամեն տեղ, ուր և հայտնվում էր նա, լռում էր աղմուկը, դադարում էր խռովությունը։ Բայց հենց որ անցնում էր, նրա ետևից լսելի էին լինում անեծքի խուլ մրմունջներ։ Յուր սեփական քաղաքացիքը նզովում էին նրան։ Բայց կար ժամանակ, և այդ ժամանակը շատ հին չէր, երբ նա անցնում էր այդ քաղաքի փողոցներով, մանկահասակ աղջիկները ծաղիկներ էին սփռում նրա սպիտակ նժույգի ոտների ներքո, իսկ կանայքը օրհնության ներբողներ էին երգում...

Նա անցավ մեծ հրապարակը, որ գտնվում էր յուր ապարանքի առջև։ Գեղեցիկ, սյունազարդ ապարանքը այրվում էր։ Բայց նա այրվում էր ո՛չ թե թշնամու կրակներից, այլ քաղաքացիների նետած կրակներից։ «Երբ մեր տները հրդեհի կերակուր են դառնում, ա՛յդ ևս թող դառնա»,- ասացին նրանք և այրեցին։ Նա նայեց յուր նախահարց շքեղ բնակարանի վրա և երեսը սրտմտությամբ շուռ տվեց։

Ապարանքը դատարկ էր, որովհետև նրա ընտանիքը և ազգականները գնացել էին ամառանոց՝ Արծրունյաց բնիկ Ոստանում։ Այստեղ մնացել էին մի քանի ծառաներ և սպասավորներ միայն։

Հրապարակի վրա հավաքված էր մեծ բազմություն։ Այրվող տներից փախած կանայք, երեխայք, ազատված կարասիների հետ միասին, խառնափնթոր կերպով դիզված էին միմյանց վրա։ Հրդեհի