Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/285

Այս էջը սրբագրված է

լուսավորության ներքո այդ ապշած, սասանված թշվառների կուտակությունը ներկայացնում էր մի զարհուրելի տեսարան։

Երբ նա մերձեցավ՝

— Մի՝ մոտենար, Մերուժա՜ն,- ձայն տվին կանայքը։

— Հանգցրո՛ւ կրակը,- աղաղակեցին երեխայքը։

Նա ձեռքը տարավ դեպի աչքերը։ Ի՞նչ էր, որ սրբեց այնտեղից։ Միթե արտասվել կարո՞ղ էր այդ քարեղեն սիրտը։ Բայց երեխաների ձայնը փշրե՜ց քարը, խորտակե՜ց ապառաժը...

Նա դիմեց դեպի քաղաքադռներից մեկը։ Այստեղ ինչ-որ աղմուկ կար մի խումբ քաղաքացիների և դռների վրա հսկող պարսիկ պահապանների մեջ։

— Կամենում են բաց անել դռները,- զեկուցում տվին նրան։

— Կոտորեցե՛ք,- հրամայեց նա։

Սկսեցին կոտորել նրա սեփական քաղաքացիներին։

Նա անցավ։

Նրան ուղեկցում էր մի նշանավոր պարսիկ աստիճանավոր։ Երբ փոքր-ինչ հեռացան, նկատեց նա։

— Անհնարին կլինի երկար պաշտպանվել, իշխան։

— Ինչո՞ւ։

— Որովհետև այս րոպեիս ականատես եղանք, թե ո՛րպես քաղաքացիք կամենում էին դռները բաց անել և թշնամուն ներս թողնել։

— Դրա համար էլ ես հրամայեցի նրանց կոտորել։

— Ո՞ր մեկին կոտորել։

— Բոլորին, եթե այնպես կվարվեն։

— Այն ժամանակ մեզ անհնարին կլինի կռվել թե քաղաքացիների հետ և թե դրսի թշնամու հետ։

— Եթե այդ անհնար կլինի, մեռնելը, կարծեմ, շատ հնարավոր է։

— Այդ սպասում է մեզ... Բայց ավելի լավ չէ՞ր լինի քանի դեռևս մութն է գդուտ քաղել գիշերային խավարից և, պատառելով պաշարվող թշնամու շղթան, հեռանալ քաղաքից։

— Այդ այնքան հեշտ չէ Ռշտունյաց գազանների շղթան պատառել։ Պետք է պաշտպանել քաղաքը մինչև վերջին շունչը։ Երբ փոքր-ինչ կլուսանա, այն ժամանակ մենք դուրս կգանք կռվելու։

Պարսիկ աստիճանավորը լռեց։ Նրանք դիմեցին դեպի քաղաքի մյուս դռները, որոնք նույնպես սաստիկ հսկողության ներքո էին դրած։