Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/286

Այս էջը սրբագրված է

Գիշերը անցավ կրակի և բոցերի դժոխային գործողության մեջ։ Իսկ առավոտյան լուսաբացին, մոխիր դարձած քաղաքի ավերակների վրա, սկսվեցավ սոսկալի կոտորածը։ Գիշերը կործանվում էին շինվածքներ, իսկ այժմ կործանվում էին մարդիկ...

Դեռ վաղորդյան շամանդաղը նոր էր սկսել պարզվիլ, դեռ նոր թռչունները իրանց ուրախ մնչյուններով սկսել էին ավետել տվընջյան լուսատուի ըղձալի ծագումը, երբ քաղաքի դռներից մեկը խորտակվեցավ։ Նա խորտակվեցավ թե ներսի բնակիչներից, և թե դրսի պաշարողներից։ Ներս խուժեց կատաղի բազմությունը։

«Թո՛ղ մի կողմ ջոկվի՜ն քրիստոնյաները...» - որոտացին հազարավոր ձայներ։

Քաղաքի բնակիչները, մոռանալով իրանց կրած ծանր վնասը, միացան իրանց տները այրող, իրանց դժբախտացնող լեռնականների հետ, և սկսեցին կոտորել պարսից զորքերին։ Այժմ գործում էր նիզակն ու սուրը։ Փայլում էր երկաթը և յուր փայլատակման հետ՝ լսելի էր լինում երկաթապատ վահանների սաստիկ տրոփյունը։ Կռիվը կատարվում էր փողոցներում։ Պարսիկ զորքերը օրհասական տագնապի մեջ մարտնչում էին,- մարտնչում էին, որ մեռնելուց առաջ գոնե մի քանիսին իրանց հետ տանեին։ Մերուժան Արծրունին սպառել էր յուր լեզվի բոլոր ճարտարությունը նրանց խրախուսելով։ Հրամանները այլևս չէին ազդում։ Նա կայծակի նման անցնում էր մեկ փողոցից դեպի մյուսը, երբ նկատում էր, որ պարսիկները այն կողմում թուլանում են։

Այդ միջոցին մեկը միջնաբերդի բարձրությունից խոժոռ դեմքով նայում էր, թե ինչ է կատարվում ներքևում։ Ո՛րքան նայում էր նա, այնքան նրա դեմքը ավելի տխուր, ավելի հուսահատական արտահայտություն էր ստանում։ Մերուժանի քաղաքացիները, միանալով Մերուժանի թշնամիների հետ, կոտորում էին նրա Պարսկաստանից բերած զորքերին։ «Որքա՞ն սխալ հ՛ասկացողություն ունենք մենք հայ ժողովրդի մասին...»- մտածում էր նա, և նրա զայրացած սիրտը չքվում էր անհնարին դառնությամբ։

Այդ մարդը Վահան Մամիկոնյանն էր, որը տիկին Համազասպուհիի հետ ունեցած անհաջող բանակռվից հետո դուրս էր եկել դիտելու քաղաքի խռովությունը։

Դեռ արևը չէր ծագել։ Բայց վաղորդյան մթին աղջամուղջը սկսել էր նոսրանալ, և շրջակայքը հետզհետե տեսանելի էին լինում։

Միջնաբերդի բարձրությունից նկատեց նա, որ լեռնականներից