Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/29

Այս էջը հաստատված է

աչքերով հետևել, թե որպես յուր սիրելի տերը դանդաղ, անհավասար քայլերով շարունակում էր անցուդարձ անել սենյակի մեջ։

Նրա սիրտը ալեկոծության մեջ էր, երիտասարդական ջերմ արյունը եփ էր գալիս նրա մեջ։ Որքան մտածում էր գալոց աղետների մասին, այնքան չարիքը յուր բոլոր զարհուրանքներով մեծանում էր նրա աչքում։ Հայաստանը մնացել էր բոլորովին անտեր և անպաշտպան։ Հայոց Արշակ թագավորը, երկաթի շղթաների մեջ, հեծում էր Խուժիստանի Անհուշ բերդում։ Հայոց թագաժառանգը, Պապը, յուր կնոջ՝ Զարմանդուխտի և երկու որդիների՝ Արշակի և Վաղարշակի հետ, պահված էին Կ. Պոլսում։ Թագավորին աքսորել էր պարսից Շապուհ արքան, իսկ թագաժառանգին կալանավորել էր հունաց Վաղես կայսրը։ Հայաստանի քահանայապետը, հայրենիքի հզոր պաշտպան, Ներսես Մեծը, նույն կայսրի հրամանով աքսորված էր Պատմոս անբնակ կղզում։ Հայաստանը մնացել էր անտեր։ Նրա երկու պաշտպանները — թագավորը և քահանայապետը — չկային։ Հունաց կայսրը մեկ կողմից, պարսից արքան մյուս կողմից, երկու անհագ վիշապների նման, բերանները բաց արած, մաքառում էին միմյանց հետ, թե ո՞րը ավելի շուտ կկլանե անտեր մնացած երկիրը...

Այդ ցավալի մտածություններն էին, որ ալեկոծում էին երիտասարդի սիրտը և նա սոսկալով տեսնում էր յուր հայրենիքի մեծ տագնապը, նրա մոտալուտ օրհասը...

Մյուս կողմից, տեսնում էր նա հայոց նախարարների մեջ երկպառակություն, ոմանք ցանկանում էին ընդունել հունաց գերիշխանությունը և հարկատու լինել հույներին, իսկ ոմանք ցանկանում էին ընդունել պարսից գերիշխանությունը և հարկատու լինել պարսիկներին։ Հայրենիքի անկախությունը սիրող և նրա ինքնակայությանը նվիրված նախարարները տառապում էին անհնարին հուսահատության մեջ, թե ի՞նչ միջոցով ազատեն հայրենիքը անդառնալի կորուստից։ Չկար մեկը, որ նրանց մեջ համաձայնություն կայացներ։— Չկար թագավորը, չկար քահանայապետը․․․

Կային դավաճաններ։

Եվ այդ դավաճանները հայոց երկու ամենահզոր նախարարությունների ներկայացուցիչներն էին — Վահան Մամիկոնյանը և Մերուժան Արծրունին։ Մեկը երիտասարդի հայրն էր, մյուսը երիտասարդի մորեղբայրն էր... Երկուսն էլ ուրացել էին քրիստոնեությունը, երկուսն էլ ընդունել էին պարսից կրոնը և Շապուհ արքայի