Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/292

Այս էջը սրբագրված է

դապահների գլուխները խոնարհվում են ձեր սրերի և ձեր մեծահոգության առջև։

Լսելի եղան հաղթական ընդհանուր աղաղակներ, որ կրկնվեցան մի քանի անգամ։

Ռշտունյաց նահապետը ընդունեց բանալիները, պատասխանելով.

— Ձեր գլուխները ազատված կլինեն մեր սրերից, և թե դու և թե քո հրամանի ներքո գտնված բերդապահներր՝ կվայելեք իմ կատարյալ մեծահոգությունը, եթե ցույց կտաք, թե որտեղ է պահված Ռշտունյաց տիկինը։

— Իսկույն ցո՜ւյց կտան...— միջնաբերդի բարձրությունից լսելի եղավ մի ձայն, որ խլացավ ընդհանուր աղաղակների մեջ։

Դա Վահան Մամիկոնյանի ձայնն էր։ Դեռ միայնակ կանգնած էր նա վերևում և լի դառնությամբ դիտում էր, թե ինչ է կատարվում ներքևում։ Երբ նկատեց բանալիների հանձնվիլը, այնուհետև ամեն հույս կորած համարելով, նա դարձավ դեպի յուր մարդիկը և մի ինչ-որ խորհրդավոր նշան տվեց և ինքը հեռացավ...

Այդ միջոցին միջնաբերդի արևմտյան կողմի աշտարակներից մեկի բարձրությունից քարշ ընկավ մի սպիտակ մարմին, որ ձյունի պես փայլում էր արևի առաջին ճառագայթների առջև։ Ամենքը նայեցին նրա վրա և սարսափեցան․․․

Չսարսափեցավ միայն Մամիկոնյան իշխանը։ Բայց նա վշտացավ։ Յուր տխուր հայացքը դարձրեց դեպի սպիտակ մարմինը, սրտի բոլոր բաբախմունքով նայեց նրա վրա, հետո սրբեց աչքերի արտասուքը, և յուր դողդոջուն քայլերը ուղղեց դեպի միջնաբերդի հյուսիսային կողմը։ Ամբողջ տիեզերքը խավարած էր նրա համար։ Նա գնում էր, բայց չգիտեր, թե ու՛ր է գնում։ Համարյա բնազդմամբ մոտեցավ նա այն քարակոփ անձավներից մեկին, որի մուտքը փակված էր երկաթյա դռնով։ Գրպանից հանեց մի փոքրիկ բանալի բաց արեց դուռը։ Ներս մտավ և դուռը յուր ետևից կրկին կողպեց։ Անձավի մի խորշում, քարյա հատակի մեջ, ագուցած էր մի քառանկյունի սալ, որ յուր գույնով ամենևին չէր որոշվում հատակից։ Նա ոտքը դրեց սալի մի անկյունի վրա, և նրա ճնշումից խուփը ինքն իրան բարձրացավ։ Տակից հայտնվեցավ մի վիրապի նեղ բերանը, որից մի մարդ հազիվ կարող էր անցնել։ Նա երկու ձեռքերը դրեց նրա բերանի երկու շրթունքների վրա, և անհայտացավ վիրապի մեջ։ Բերանը դարձյալ փակվեցավ։