Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/293

Այս էջը սրբագրված է

Դա մի ստորերկրյա գաղտնի անցք էր, որ ծառայում էր որպես փախուստի ճանապարհ։

Համարյա միևնույն ժամանակ, երբ հայրը մտավ գաղտնի վիրապի մեջ, Վանա մեծ քաղաքադռներին հասավ որդին — Սամվելը։

Առաջինը, որ գրավեց երիտասարդի ուշադրությունը, երկու թևավոր վիշապներն էին, որ հսկում էին այդ դռան աջ և ձախ կողմերում։ Արհեստի այդ սքանչելի արդյունքները այժմ փշրված, խորտակված էին։ նա ներս մտավ։ Մոխիր դարձած քաղաքը տակավին մխում էր դեռ չհանգած կրակների մեջ։

Նրա աչքին ընկավ աշտարակի բարձրությունից կախ ընկած սպիտակ մարմինը, որ դեռ ձյունի նման փայլում էր արևի առաջին ճառագայթներից։

— Այդ ի՞նչ է,— հարցեց նա սոսկալով։

— Ռշտունյաց տիկնոջ մարմինն է,— պատասխանեցին նրան։

— Ո՞վ կախաղան հանեց։

— Վահան Մամիկոնյանը։

— Կայե՜ն...— բացականչեց խեղճ երիտասարդը, աչքերը բռնելով։— Նա սպանեց եղբորը, իսկ դու—քո քրոջը․․․

Զ

ՈՒՐԱՑՈՂԸ ՅՈՒՐ ՏԱՆ ՇԵՄՔԻ ՎՐԱ

Հադամարկերտի մայր եկեղեցում սուրբ պատարագը դեռ շարունակվում էր կատարվել։ Չնայելով, որ այսօր ոչ տոն էր և ոչ կյուրակի, բայց եկեղեցին լիքն էր բազմությամբ։

Բեմի հանդեպ, եկեղեցու աջակողմյան անկյունում, չորս մարմարյա սյուների վրա բարձրանում էր մի վերնատուն։ Նրա դեպի սեղանը նայող կողմը կտրված էր ոսկեզօծ վանդակապատով։ Բեհեզյա ծանր վարագույրները միջից ծածկում էին վանդակապատը և բոլորովին անտեսանելի էին կացուցանում վերնատան ներսը։ Այդ դրության մեջ վերնատունը մի փակված, առանձնացած մատուռի ձև ուներ։

Նրա հատակը ծածկված էր թանկագին օթոցներով, իսկ մի կողմում դրած էր փառավոր բազմոց։ Մի տիկին, սուրբ պատարագի խորհրդի համեմատ, երբեմն ծունր էր դնում և աղոթում էր,