Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/295

Այս էջը սրբագրված է

տիկնոջ աջ և ձախ թևքերից, սկսեցին ցած իջեցնել վերնատան քարյա սանդուղքներից։

Պատարագից հետո ժամավորները դարձյալ մնացին եկեղեցում, որովհետև Դրան ավագ երեցը պետք է քարոզ կարդար։ Բայց տիկինը չսպասեց և առանձին դռնով դուրս եկավ եկեղեցուց։

Փողոցում սպասում էր մի փառավոր պատգարակ, յուր երկու նաժիշտների հետ մտավ նրա մեջ, և սպիտակ ջորիները սկսեցին հանդարտ քայլերով տանել։ Պատգարակի առջևից ոտով գնում էին երկու զինված շաթրներ կարմիր զգեստներով, իսկ ետևից՝ մի խումբ դրանիկներ, նույնպես ոտով։ Եկեղեցու դռնից սկսած, դեպի փողոցի երկարությունը, ձգվել էին երկու շարք աղքատներ, որոնք խորին փափագով սպասում էին այդ բարեխնամ պատգարակին։ Տիկնոջ հազարապետը քսակը ձեռքին մոտեցավ նրանց և առատաձեռն ողորմածությամբ բաժանեց չքավորների սովորական պարենը։

Խորին հարգանքով անցնում էր պատգարակը քաղաքի փողոցներով, և ամեն ոք՝ մեծ, թե փոքր, հասակավոր, թե երեխա, կանգնում էին, գլուխ էին տալիս և ամենայն սիրով ողջունում էին։ Անցնում էր հասարակաց մայրը և երկրի տիկինը։ Նա, պատգարակի դռնակից գլուխը մեկնելով, բոլորի ողջույնը ամենայն բարեսրտությամբ ընդունում էր։

Պատգարակը կանգ առեց իշխանական հոյակապ ապարանքի հանդեպ, որի մուտքի աջ և ձախ կողմերում հսկում էին երկու թևավոր վիշապներ։ Դա Արծրունիների հատուկ նշանն էր, որ դրված էր լինում նրանց բոլոր քաղաքների և պալատների դռների մոտ։ Տիկինը ցած իջավ և, շրջապատված յուր սպասավորներով, ներս մտավ։ Նա անցավ փառավոր, կանաչազարդ բակերի ճեմելիքներով, որ հովանավորված էին դարևոր ծառերով, և մտավ յուր սենյակը։ Սպասավորները հեռացան, նրա մոտ մնացին նաժիշտները միայն, որոնք փոքր-ինչ սպասելով և տեսնելով, որ իրանց տիկինը առանձին հրաման չունի, իրանք ևս հեռացան։

Առաջինը, որ ներս մտավ տիկնոջ օրհնությունն առնելու, նրա հարսն էր — Մերուժանի կինը։ Մոր երկու ձեռքերից քարշ էին ընկած նրա երկու փոքրիկ երեխաները։ Նրանք մոտեցան, համբուրեցին տիկնոջ աջը։ Ամեն օր այդ սովորությունն ունեին, երբ նա վերադառնում էր եկեղեցուց։ Տիկինը հանեց յուր բերած նշխարքը, բաժանեց, և տվեց թե երկու երեխաներին և թե նրանց մորը։ Երեխաները, որոնցից մեկը տղա էր, իսկ մյուսը աղջիկ, իրանց գողտ