Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/296

Այս էջը սրբագրված է

րիկ ձեռիկները դրեցին տիկնոջ ծնկների վրա և, իրանց փայլուն հարցասեր աչքերը դարձնելով դեպի նա, հարցրին.

— Ինչո՞ւ տերտերի հացը այդպես քաղցր է լինում, մամիկ։

— Դա աստուծո հացն է, զավակներս, դրա համար այդպես քաղցր է լինում,— պատասխանեց տիկինը, փայփայելով նրանց գանգրահեր գլուխները։

նրանց մայրը ոտքի վրա կանգնած էր յուր սկեսրոջ մոտ և համարձակություն չուներ նստելու։ Նազելի մի կին էր նա, չափազանց նրբակազմ և քնքուշ։ Նա այնպիսի տպավորություն էր գործում, կարծես ասելիս լիներ՝ մի՛ դիպեք ինձ, կփշրվեմ ես։ Նա խոսում էր այն ժամանակ միայն, երբ սկեսուրը խոսեցնում էր, և ամեն անգամ նրա սպիտակ այտերի վրա նշմարվում էր մի թեթև կարմրություն։ Նա դեռ անմեղ օրիորդի ամոթխածությունն ուներ, իսկ հնազանդ հարսի՝ պատկառանքը:

Վասպուրականի տիկինը այրի էր։ Նրա ամուսինը, Շավասպ Արծրունին շատ ժամանակ չէր, որ վախճանվել էր։ Այդ պատճառով նա դեռ կրում էր յուր գլխին սգավորության քողը։ Զրկվելով սիրելի ամուսնից, նա փոխարինում էր նրան՝ յուր տան մեջ իբրև մի պատրիարք, որի հեղինակությանը ամենքը խոնարհվում էին, իսկ երկրի կառավարության մեջ՝ իբրև մի նահապետ։

Տիկինը Վահան Մամիկոնյանի (Սամվելի հոր) քույրն էր։ Մամիկոնյան տոհմիցն էր և նրա հարսը — Մերուժանի կինը։ Մոտ խնամությունները այդ ժամանակ սովորական էին հայոց մեջ, մանավանդ Նախարարների տների մեջ։ Եվ առավելապես Մամիկոնյան տան աղջիկները, իբրև մի շղթա, կապում էին միմյանց հետ ոչ միայն ավագ նախարարների տոհմերը, այլև թագավորի տունը, այլև հայրապետական տունը։ Այդ տոհմի աղջիկներն էին, որ իրանց առաքինություններով զարդարում էին թե նախարարների պալատները, թե թագավորի արքունիքը և թե հայրապետի վեհարանը։

— Նախաճաշիկդ պատրաստ է,— ասաց հարսը։— Ինչպես կհրամայեիր, այստե՞ղ տան, թե սեղանատանը։

— Ուտելու բնավ ախորժակ չունեմ, սիրելի Վահանդուխտ,— պատասխանեց տիկինը։— Գիշերը շատ անհանգիստ էի, քնել չկարողացա։ Իսկ այժմ հիվանդի պես եմ զգում ինձ. ականջներիս մեջ մի բան մրմնջում է, և ինձ այնպես է թվում, կարծես գլուխս յուր տեղումը չլինի։