Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/297

Այս էջը սրբագրված է

— Հանգստացիր մի փոքր․ դու առավոտյան շատ վաղ վեր կացար։

— Ինչպե՜ս հանգստանամ... միթե կարո՜ղ եմ հանգստանալ․․․

Նա նայեց հարսի գունաթափ երեսին և սարսափեց։ Մի գիշերվա մեջ խեղճ կինը բոլորովին հալվել ու մաշվել էր։ Երևի, նա ևս չէր քնել, երևի, նա ևս անհանգիստ էր․․. Ի՞նչ էր պատահել։

Այդ հոյակապ տունը, ուր միշտ ուրախ, ուր միշտ երջանիկ լինելու համար ոչինչ թերություն չկար, այսօր այնպիսի տխուր տպավորություն էր գործում, որպես թե սգավորի տուն լիներ։ Բոլորի դեմքերի վրա նկարված էր մի անբացատրելի տրտմություն։ Ամենքը լուռ էին, ամենքը խորշում էին միմյանց հետ խոսելուց։ Կարծես կար մի բան, որից վախենում էին, միգուցե մինը մյուսին հիշեցնելով ավելի ևս սաստկացնե նրա սրտի ցավերը...

Երեկ լուր ստացվեցավ, որ Մերուժանը գալիս է։ Այսօր ճաշից հետո նա պետք է մտներ յուր իշխանության Ոստանը։ Թե մոր համար և թե ամուսնի համար ի՞նչ ավետիս, ի՞նչ բարի համբավ կարող էր այնքան ուրախալի լինել, քան թե այդ, որ նրանց սիրելին, երկար բացակայությունից հետո, վերադառնում էր յուր տունը։ Բայց նրանք, փոխանակ ուրախանալու, տխուր էին։

Նա վերադառնում էր որպես ուրացող, որպես դավաճան։ Եվ մայրն ու ամուսինը պետք է գրկեին նրան, պետք է սրբեին նրա ճակատից ճանապարհի փոշին։— Այդ ծա՜նր էր, մահվան չափ ծա՜նր էր թե մոր և թե ամուսնի համար։ Նրանց արդեն հայտնի էին Վանա աղետալի անցքերը և իրանց արյունակցի—դժբախտ Համազասպուհիի ցավալի նահատակությունը։ Նրանք գիտեին և ա՛յն, թե այլևս ինչե՜ր պիտի աներ Մերուժանը․․․

Մայրը վաղուց լսած էր որդու չար դիտավորությունները, բայց նա ամենայն զգուշությամբ ծածկում էր յուր հարսից, վախենալով, որ խեղճ կինը, որն առանց դրանց ևս շատ տկար էր յուր առողջությամբ, չպիտի կարողանար դիմանալ այդ հարվածներին։ Բայց երկար գաղտնիք պահել անկարելի էր, որովհետև այսօր պետք է գար նրա ամուսինը։ Այդ էր պատճառը, որ նրան փոքր-ինչ նախապատրաստելու համար երեկ երեկոյան կանչեց յուր մոտ և հայտնեց բոլորը։

Վանա ցավալի կործանումից հետո, որպես հայտնի է, Մերուժանը միայն յուր թիկնապահների փոքրիկ խմբով կարողացավ ազատվել յուր քաղաքացիների վրեժխնդրությունից։ Եվ մտածելով, միգուցե յուր Ոստանը մտնելու ժամանակ նույն վտանգներին