Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/300

Այս էջը սրբագրված է

սաստիկ զայրացած են, բայց նրանք կզայրանան, իսկ երբեք տիրասպան չեն լինի։ Այդ ես գիտեմ, տիկին, հաստատ գիտեմ․․․

Վերջին խոսքերի միջոցին նա յուր գլուխը մի քանի անգամ դրական կերպով շարժեց և ապա շարունակեց.

— Ի՞նչ եղավ տեր հայրը, ուշացավ տեր հայրը։ Նրա քարոզը թեև փոքր-ինչ երկար տևեց, բայց բոլորովին հանգստացրեց ժողովրդին։ Ավետարանից, մարգարեներից, առաքյալներից շատ օրինակներ բերեց։ Եկեղեցուց դուրս գալուց հետո բազմությունը չէր հեռանում, խմբված էին բակում, դեռ տաքացած կերպով վիճում էին։ Տեր հայրը մոտենում էր այս և այն խմբին, խոսում էր, խրատում էր և հանգստացնում էր։ Այն ուրիշ բան կլիներ, տիկին, եթե իշխանը պարսից զորքերով մտներ յուր քաղաքը, այն ժամանակ անհնար կլիներ բնակիչներին զսպել։ Իսկ այժմ գալիս է մի քանի մարդիկներով միայն,— և հայ մարզիկներով։

— Բայց հայությունը ուրացած մարդիկներով...— ընդհատեց տիկինը դառնացած կերպով։

Ներս մտավ Դրան երեցը։

— Ահա՛ և տեր հայրը,— ձայն տվեց ծերունին։

Այդ ալևոր քահանան, որ դեռ պահպանել էր յուր առույգ հասակի թե եռանդը և թե կենդանությունը, իշխանական տան երեցն էր։ Նա մոտեցավ, ողջունեց և կանգնեց տիկնոջ մոտ։

— Նստի՛ր, տե՛ր հայր,— ասաց նրան տիկինը։

Նա նստեց և սկսեց հաղորդել յուր արած կարգադրությունները։

Վահանդուխտ տիկինը, յուր երկու երեխաների հետ դուրս գալով դահլիճից, ուղիղ դիմեց յուր սենյակը։ Երկու երեխաներից մեծը տղա էր, իսկ փոքրը՝ աղջիկ։ Տղան հասկանում էր, որ այն օր գալու էր հայրը, և դեռ հիշում էր նրան, երբ նա գնաց Պարսկաստան։ Երբ նստեցին՝

— Մայրի՛կ,— հարցրեց տղան, յուր փոքրիկ թևիկներով քարշ ընկնելով նրա պարանոցից,— հայրիկը այսօր կբերե՞ ձին։

— Ի՞նչ ձի,— ասաց մայրը տխուր ձայնով։

— Չե՞ս իմանում, երբ հայրիկը գնում էր, ասացի՝ ինձ համար մի ձի բեր, պստիկ ձի, նա պաչ արավ, ասաց՝ կբերեմ, շատ պստիկ ձի կբերեմ, ա՛յ, էսքան։— Նա ձեռքը բարձրացրեց ձիու մեծությունը ցույց տալու համար։

— Մենք ձիաներ շատ ունենք, զավակս,— պատասխանեց նրան մայրը։