Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/301

Այս էջը սրբագրված է

— Մերոնքը մեծ են, շատ մեծ են, ես պստիկ ձի եմ ուզում, որ ինքս հեծնեմ։

— Ծաոաները կնստացնեն քեզ։

— Ես խո Նուշիկը չեմ, որ ծաոաները բռնեն ու դնեն ձիու վրա. ես ուզում եմ ինքս նստել։

Նուշիկ փաղաքշական ձևով կոչում էին նրա քրոջը, որի իսկական անունը Միհրանույշ էր։

Եղբոր նկատողությունը, երևի, վիրավորեց փոքրիկ նուշիկին, որը ծտի նման թռավ գահավորակի կողքում դրած բարձերից մեկի վրա և, կլորիկ ոտիկները շարժելով, ասաց.

— Տեսնո՞ւմ ես, ինչպե՞ս հեծա։

Մայրը երկուսին ևս գրկեց, համբուրեց, հետո հանձնեց դայակներին, որ տանեն, դրսում ման ածեն, որպեսզի իրան չխանգարեն։ Ինքը մնաց միայնակ։

Դժբա՛խտ հանգամանքների դժբա՜խտ ամուսին․․․ Որդիքը ուրախ էին հոր գալուստով, իսկ ինքը ուրախանալ չէր կարող։ Նա սիրում էր յուր ամուսնին, նա յուր մխիթարությունը միշտ նրա մեջ էր գտել։ Իսկ այժմ որպե՞ս սիրել «ուրացողին», որպե՞ս սիրել չարագործին։ Այդ միտքը կատաղության չափ ալեկոծում էր նրան, ալեկոծում էր, որովհետև սիրտը և միտքը չէին հաշտվում միմյանց հետ։

Յուր զավակներին հեռացնելուց հետո, նա գտնվում էր հոգեկան խորին տագնապի մեջ։ Ներքին կռիվը, զգացմունքների սաստիկ մաքառումը դրել էին նրան տենդային հրաբորբոք դրության մեջ։ Ահա՛ մի ժամ ևս․․․ ահա՛ երկու ժամ ևս․․․ քաղաքի մունետիկը պիտի քարոզեր բոթաբեր գալուստը, և ամեն ինչ պիտի վճռվեր նրա համար․․․

Նրա դրությունը նմանում էր դատապարտյալի վերջին րոպեներին, որ օրհասական հուզմունքների մեջ սպասում է. ահա՛ բանտի դռները բաց կլինեն, դահիճները կմտնեն և նրան կտանեն դեպի կախաղանի ոտքը․․․ Ինքը այդպես պետք է դիմեր այն մարդու գիրկը, որին ամբողջ աշխարհը մերժում էր։ Եվ նա պետք է ողջագուրեր յուր ամուսնին, այն ձեռքերով, որ շաղախված էին յուր հարազատների անմեղ արյունով։ Միթե նա չէ՞ր լինի հայոց կանանցից ամենաթշվառը։ Բայց նա սիրո՜ւմ էր․․․ այո՛, սիրո՜ւմ էր։

Նա ձեռքը տարավ դեպի կուրծքը, սեղմեց բորբոքված սիրտը, որ փոքր-ինչ հանգստություն տա ներքին վրդովմունքներին։ Արտասուքը հեղեղի նման թափվում էր տառապյալ աչքերից, բայց