Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/302

Այս էջը սրբագրված է

սրտի կրակը շիջուցանել չէր կարողանում։ Երկար այդ դրության մեջ տանջվում էր նա։

Հանկարծ վեր թռավ և, որպես մի խելագար, պղտոր աչքերը դարձրեց դեպի յուր սենյակի շուրջը։ Ապշած կերպով նայում էր այս կողմ ու այն կողմ և յուր անշարժ հայացքով կարծես մի բան որոնում էր։ Մի քանի քայլ փոխեց դեպի դուռը, բայց իսկույն կանգ առեց։ Դարձյալ, որպես մի աներևույթ զորությունից առաջ մղվելով, փոխեց քայլերը, մոտեցավ և, դողդոջուն ձեռքը մեկնելով, կողպեց դուռը։ Սկսեց գիշերաշրջիկ լուսնոտի նման՝ դեգերել դեպի այս, դեպի այն անկյունները։ Մոտեցավ լուսամուտներին, ցած թողեց վարագույրները։ Կրկին մոտեցավ դռանը ստուգելու, արդյոք փակվա՞ծ էր, թե ոչ։ Նրա դեմքը այժմ խաղաղ էր․ նա արդեն գտել էր մի միջոց, որ կարող էր հանգստացնել իրան։ Սկսեց նայել պատուհանները, սկսեց քրքրել բոլոր դարակները, որոնց մեջ պահված էին յուր իրեղենները։ Բայց որոնածը չգտավ։ նրա աչքին ընկավ մի գեղեցիկ արկղիկ, որի մեջ պահված էին յուր կարելու պարագայքը։ Ուրախացավ նա, որպես մի մարդ, որ հանկարծ մի անսպասելի գանձ է գտնում։ Վազեց դեպի արկղիկը, թաց արեց և նրա միջից դուրս հանեց մի փոքրիկ մկրատ։ Մի քանի րոպե այդ փայլուն գործիքը ձեռքում բռնած, հիացած կերպով նայում էր նրա վրա։ Նա գտավ ցանկալի առարկան։ Դա կհանգստացներ նրան և կվճռեր նրա սրտում անվճիռ մնացած տարակուսանքը— նրա զգացմունքների անհաշտ երկբայությունը․․․

Մկրատի սուր ծայրը նախ տարավ դեպի բաբախող կուրծքը։ Բայց մինչև սիրտը մխվելու համար բավական կարճ էր։ Հետո բաց արավ և մոտեցրեց յուր կոկորդին․․․

Այդ միջոցին կարծես փրկության հրեշտակը բռնեց նրա ձեռքը։ Մկրատը բարկությամբ մի կողմ նետեց, ասելով․ «Ո՛չ, նա չա՜րժե, որ ես մեռնեմ նրա համար․․․ Նա, այո՛ դավաճանեց յուր հայրենիքին, բայց դավաճանեց և—ի՜նձ․․․»։

Ի՞նչ զորություն էր, որ այդպես անսպասելի կերպով հեղափոխեց նրա միտքը։ Այն զորությունը, որ ամեն կրքերից ավելի սաստիկ բռնանում է կնոջ զգացմունքների վրա — խանդոտությունը:

«Ես ճանաչում եմ նրան, — շարունակեց դառնացած կերպով,— նա՛ այնքան ցած չէր, որ ուրանար յուր կրոնը, նա՛ այնքան անգութ չէր, որ ոտնակոխ աներ յուր հայրենիքի բախտը, և նա՛ այնքան փառամոլ չէր, որ նրան հրապուրեր Շապուհի խոստացած թագավորությունը․․․ Բայց նա՛ այդ բոլորը հանձն առեց և սարսից