Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/305

Այս էջը սրբագրված է

Սրտի խորին բաբախմունքով ներս մտավ նա։

Առջևից գնացող դրոշակակիր ձիավորը առեց գոտիից քարշ ընկած շեփորը և մի քանի անգամ հնչեցրեց։ Նրան պատասխանեց կոչնակի ձայնը, որ երեք անգամ լսելի եղավ Մայր եկեղեցու բարձրությունից։ Այդ ձայնը, որպես երկնքի սպառնական ձայնը, սարսափ ազդեց «ուրացողի» վրա․․․

Նա շարունակեց առաջ գնալ։

Ուրախ, աղմկալի Հադամակերտը ներկայացնում էր մի մեռյալ քաղաք։ Փողոցներում ոչ ոք չէր երևում, չէին երևում և անասուններ։ Ո՛չ մի ձայն չէր լսվում, ո՛չ մի շշունջ անգամ չէր խռովում ընդհանուր գերեզմանական լռությունը։

Այն փողոցը, որով գնում էր նա և որը ուղիղ տանում էր դեպի իշխանական ապարանքը, նրա վրա խիստ ծանր և սպանիչ տպավորություն էր գործում: Հատակը ծածկված էր մոխրով։ Բոլոր տների դռները փակ էին, իսկ դռների ճակատները նույնպես պատած էին սև պաստառներով։

«Իմ քաղաքացիքը,— մտածում էր նա,— երես են դարձրել ինձանից․․․ նրանք իմ վրա նայել անգամ չեն կամենում․․․ նրանք ինձ մեռած են համարում, այո՛, բարոյապե՜ս и մեռած․․․»

Բարկությունը խեղդում էր նրան, երբ մտաբերում էր վաղեմի ժամանակները։ Եղել էին օրեր, երջանի՜կ օրեր, երբ նա հաղթական փառքով վերադառնում էր պատերազմից, այդ փողոցի հատակը ծածկված էր լինում ծաղիկներով пс կանաչ տերևներով։ Իսկ այժմ նրանց փոխարեն մոխիր էր ցանած։ Դռների ճակատները զարդարած էին լինում գորգերով, թավիշներով, գույնզգույն կերպասներով և ամենագեղեցիկ գործվածքներով։ Իսկ այժմ ամբողջ քաղաքը սուգ էր զգեցել։ Կանայք և աղջկունք, ծեր և տղա, տանիքներից ու լուսամուտներից ողջունում էին նրան։ Իսկ այժմ ոչ մի ձայն չէր լսվում։ Սկսյալ քաղաքադռնից մինչև յուր ապարանքը հասնելը, ամեն մի քայլում զոհեր էին մատուցանում նրա առջև։ Քահանայական դասը յուր ամբողջ սպասով, զգեստավորված ոսկեհուռ զգեստներով, խաչերով ու խաչվառներով առաջնորդում էին նրան և օրհնության շարականներ էին երգում։ Ինքը շրջապատված էր լինում յուր ավագներով, իսկ առջևից տանում էին իշխանական տան նժույգները, զարդարած ամենաթանկագին ասպազենքով։ Իսկ այժմ դրանցից և ոչ մեկը չկատարվեցավ․․․

Նա հասավ իշխանական ապարանքը, բայց դռները յուր առջև փակված գտավ։ Այդ սարսափեցրեց նրան։ «Ուրեմն ինձ մեր