Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/307

Այս էջը սրբագրված է

թե քո հայրենիքի և թե քո խղճի առջև․․․ Ուրացողը, ապստամբը չէ կարող մտնել այդ տունը, Մերուժա՜ն․․․ Այն օրից, որ դու դավաճանեցիր քո եկեղեցուն և քո թագավորին, այն օրից զրկվեցար այդ տան զավակը լինելուց․․․ Դո՛ւ, Մերուժան, այժմ այդ տան համար խորթ ես և օտար, որովհետև դու արատավորեցիր Արծրունիների պայծառ հիշատակը․․․ Ուղղությունը միայն կարող է փրկել քեղ, Մերուժան․․․ Դարձի՛ր չար ճանապարհից, դարձի՛ր քո մոլորություններից․․․ Լսի՛ր, Մերուժան, մոր ձայնը, որ դեռ սիրում է քեզ, որ յուր դառն արտասուքների հետ այդ խոսքերը թափում է քո առջև․․․ Լսի՛ր Մերուժան, մոր ձայնը, որովհետև նրա բերանով խոսում է ամբողջ Վասպուրականը․․․ Եթե դու կամենում ես կրկին վայելել քո ընտանիքի և քո աշխարհի սերը, պետք է դառնաս չար ճանապարհից․․. Ահա՛ ուղիղ ճանապարհը, Մերուժան,— նա ձեռքը տարավ դեպի Մայր եկեղեցին և ապա շարունակեց։— Քո հայրերը, երբ հոգնած, վաստակած տուն էին վերադառնում պատերազմներից, նախ գնում էին եկեղեցին, գոհության աղոթք էին մատուցանում և ապա գալիս էին իրանց ընտանիքի սերը վայելելու․․․ Եթե դո՛ւ քո նախահարց հարազատ որդին ես, հետևի՛ր նրանց օրինակին... Այնտեղ, Մայր եկեղեցում, քահանայական դասը և քո քաղաքի ծերերը սպասում են քեզ... Գնա՛, Մերուժան, նախ եկեղեցին, հաշտվի՛ր Հիսուս Քրիստոսի հետ, զղջա՛ քո մեղքերը, խոստովանի՛ր քո հանցանքները աստուծո տաճարի մեջ և ապա վերադարձիր, այն ժամանակ քո տան դռները բաց կգտնես քո առջև․․․

— Այդ երբե՜ք չէ կարող լինել,— մռնչաց նա և երեսը շուռ տվեց։

— Մայրի՜կ, մայրի՜կ,— վերևից լսելի եղան երկու երեխաների ձայներ.— ո՞ւր է գնում հայրիկը...

Այդ ձայները խոցոտեցին նրա սիրտը...

Է

ԽԱՅԹ

Սոսկալի խռովության մեջ, որպես մի խելագար, դուրս եկավ Մերուժանը Հադամակերտից։ Նրա ականջներին դեռ զարկում էին մոր կծու խոսքերը և սուր սլաքների նման թափանցում էին մինչև