Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/31

Այս էջը սրբագրված է

անձանց խնամքով էր կատարվել, որ պատրաստել էին նրանից մի անձնվեր որդի՝ նախ հայրենիքի և ապա ծնողաց։

Ընդունարանի դուռը բացվեցավ, ուշիկ քայլերով ներս մտավ մի պատանի, նայեց երիտասարդի վիա և, սառածի նման, կանգնած մնաց պատի մոտ։

Պատանին լավ հագնված սենեկային մանկլավիկի տպավորություն էր գործում։ Ծիածանի բոլոր գույները կային նրա հագուստների վրա. գունավոր էր գլխի թեթև ապարոշը, որ թեք կերպով կապած էր թասակի վրա, ծածկում էր աջ կողմի հոնքը, իսկ ձախ կողմի հոնքը ճակատի մի մասի հետ բաց էր թողած. գունավոր էին նրա երկար, ոսկյա գանգուրները, որ սփռված էին ուսերի վրա․ գունավոր էր բեհեզյա գոտին, որ, խորշավոր փաթոթներով մի քանի անգամ բարակ մեջքից անցնելուց հետո, անփույթ վերջավորություններով ծածանվում էր ծնկների վրա. գունավոր էր նրա բաճկոնակը, կուրտիկը, վարտիքը, որ մանր ծալքերով իջնում էր մինչև ծնկները և այնտեղ կապված էր նույնպես գունավոր սռնապաններով և յուր ծալքերի շարունակությամբ ծածկում էր սռնապանները, իջնելով մինչև սրունքները։ Գունավոր էին և նրա նախշուն տրեխները, որ պատրաստված էին գույնզգույն մետաքսյա թելերից, և կատվի թաթիկների նման, ոտքերը գետնին գնելու ժամանակ ձայն չէին հանում։ Ձախ ականջին կրում էր արծաթյա օղակ. գա արդեն նշան էր, որ նա իշխանական սենյակի սպասավոր է։

Նա դեռ ապշած նայում էր յուր տիրոջ վրա։ Նրա գեղեցիկ, խաժ աչքերը արտահայտում էին և՛ զարմացք, և՛ հեգնություն։ Զարմանում էր, թե ի՞նչ էր պատահել, որ նա այնպես շուտ էր զարթնել և, առանց լվացվելու, առանց հագնվելու, դուրս էր եկել քնարանից։ Նա երբեք սովորություն չուներ այդքան վաղ վեր կենալու յուր անկողնից։ Յուր մտքում ծիծաղում էր, թե յուր միշտ ուրախ, միշտ զվարթ տերը անպատճառ մի «փորացավ» կունենար, որ այդպես տխուր էր և, սգավորի նման, ընկած էր երեսի վրա, գլուխը չէր բարձրացնում։ Այդ բոլորը բացատրում էր նա յուր տեսակետից։

Երբ նկատեց, որ յուր վրա ուշադրություն չեն դարձնում, և յուր ներկայությունը զգալ տալու խորամանկությամբ, կամաց մոտեցավ բարակին և նրա ոտքը պինդ կոխեց։ Շունը մի օտարոտի հառաչանք արձակեց, որ նշան էր սաստիկ վիրավորանքի։ Իշխանը գլուխը վեր բարձրացրեց, նայեց դեպի այդ կողմը։