Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/312

Այս էջը սրբագրված է

գտնվի նրա ընկերների մեջ մեկը, որ ճանաչեր նրան։ Նա քաշվեցավ դեպի տաղավարի մթին անկյունը, ասելով.

— Այդ լապտերը փոքր-ինչ հեռացրու, և ավելի լավ կանես, եթե դրսում քարշ տաս։ Իմ աչքերը սաստիկ խտըղտվում են լույսի վրա նայելիս։ Առանց դրան ևս, շուտով լույս կլինի։ Ահա՛, լուսինը դուրս է գալիս։

Հովիվը կատարեց հրամանը և հեռացավ ընթրիք պատվիրելու։ Նա յուր ընկերների գլխավորն էր երևում։ Իսկույն մի գառն մորթեցին և տաղավարից փոքր-ինչ հեռու կրակ վառեցին՝ թաժա հաց թխելու համար։ Իսկ գլխավորը յուր հյուրին միայնակ չթողնելու համար կրկին վերադարձավ նրա մոտ։

Մեր ուժանը տակավին գտնվում էր այն մտածության մեջ, թե ինքը որոգայթի մեջ էր ընկած, և թե նախախնամության կամքը մատնեց իրան այդ պարզամիտ հովիվների ձեռքը, որոնք որքան բարի էին, նույնքան ավելի անհամբեր էին դեպի ամեն վատություն։ Նրանց համար տերը, իշխանը ոչինչ նշանակություն չուներ, եթե աստուծո ուղիղ ճանապարհով չէր գնում։ Բայց Մերուժանը սիրում էր ճակատագրի խաղերը և անհամբերությամբ սպասում էր, թե ինչո՞վ կվերջանա այդ դառն կատակը։

— Նստի՛ր,— կրկին դարձավ նա դեպի հովիվը։— Դու քո գործը վերջացրիր, այժմ կարող ես նստել։ Ինչպե՞ս է քո անունը։

Հովիվը դարձյալ չհամարձակվեցավ տաղավարի ներսումը նստել, այլ տեղավորվեցավ մուտքի մոտ, դրսումը, և մի առանձին բավականությամբ պատասխանեց.

— Դու իմ անո՞ւնն ես հարցնում, տե՛ր սեպուհ։— Տերտերը իմ անունը Մանեճ դրեց, բայց մարդիկ Մանի են կոչում։

— Ես էլ Մանի կկոչեմ, այդպես ավելի լավ է։— Ասա՛ ինձ, բարի Մանի, որտե՞ղ է այժմ քո տերը, ի՞նչ լուր ունես Մերուժանից։

Այդ անունը լսելիս՝ հովվի արևից այրված դեմքը ավելի մռայլվեցավ և, յուր խռովությունը ծածկելով, ասաց.

— Ի՞նչ գիտեմ, տե՛ր սեպուհ, այդ դու պետք է լավ գիտենաս, թե որտեղ է նա և ի՛նչ է շինում... Այստեղ, այդ լեռների մթության մեջ, մեզ խիստ սակավ լուրեր են հասնում, և ինչ էլ որ հասնում են, տխո՜ւր են, շատ տխո՜ւր... բոլորովին այրում են մարդու սիրտը...

Երևում էր, որ տիրասեր Մանին չէր կամենում Որսիրանի սեպուհի առջև, որպես մի օտար մարդու մոտ, անվայել կերպով