Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/314

Այս էջը սրբագրված է

— Գալի՞ս է յուր անասունները տեսնելու։

— Ոչ մի անգամ չի եկել։ Նա չգիտե, թե ի՞նչ ունի և որքա՞ն ունի։ Նա մանկությունից սկսեց միայն կռիվներով զբաղվել և յուր գործին չնայել։ Բայց այդպես չէր հանգուցյալ հայրը։ Ամեն տարի, աշնան ժամանակը, կգար։ Մենք առաջուց կլվանայինք, կմաքրեինք ոչխարները, և սպիտակ, ձյունափայլ հոտերը կհանեինք նրա առջև։ Նա կնայեր և փա՜ռք կտար աստծուն։ Այդ տաղավարի մեջ շատ անգամ կերակրել եմ նրան։ Կնստեր և մեծ բավականությամբ կուտեր հովվի աղքատիկ ճաշը։

— Այժմ ո՞վ է նայում այդքան հարստությանը։

— Տիկինը։ Թո՛ղ աստված նրան երկար կյանք տա և մեր գլխից միշտ անպակաս անե։ Նա խելքի և իմաստության մի մեծ ծով է։ Հանգուցյալ նահապետի մահից հետո նա է կառավարում բոլոր գործերը։ Կգա, կտեսնե, կուրախանա և ամեն բանի մասին հարցուփորձ կանե։ Նա ո՛չ միայն ճանաչում է յուր բոլոր հովիվներին՝ իրանց անուններով և տեղերով, այլ ճանաչում է յուր անասուններից շատերին։ Գիտե, որը որքա՛ն է մեծացել, կամ որը քանի՛ ձագ է բերել։ Նա էլ ինձ Մանի է կանչում։ Ախորժելի է լինում ծառային, երբ տերը նրան ճանաչում է և յուր անունով է կանչում։ Բայց այդպես չէ Մերուժանը, եթե մոտիցը անցնելու լինեմ, չի իմանա, թե ես ով եմ, թեև քառասուն տարի ես նրանց անասունների վրա կյանք եմ մաշում։ Այդ փոքր ժամանակ չէ՜, տե՛ր սեպուհ...

— Ի՞նչ են անում այդքան անասունները։

— Դեռևս հարցնո՜ւմ ես, տեր սեպուհ, — ասաց նա, և մի զարմացական ժպիտ անցավ նրա բարի դեմքի խորշոմների միջով։— Ամեն շաբաթ հարյուր հատ ամենաընտիր խոյերից ուղարկում եմ իշխանական տան խոհանոցի համար։ Գիտե՞ս, որքա՜ն մարդիկ այնտեղ ճաշ են ուտում։ Ամեն օր մի քանի հարյուր հոգի սեղան են նստում։ Այնպես էլ յուղը, պանիրը, մածունը,— բոլորը գնում է իշխանական տունը։ Հետո, ընծաներ են լինում, աղքատներին են բաժանում, մատաղ են անում, բայց աստված այնքան առատություն է պարգևել, որ այդքան ծախսվում է և երբեք չի սպառվում։

Մինչդեռ անծանոթ տերը և յուր հովիվը այդպիսի մտերմական խոսակցության մեջ էին, լուսինը արդեն բավական բարձրացել էր հորիզոնից՝, և լուռ ու խաղաղ շրջակայքը հանգչում էր սքանչելի լուսավորության մեջ։ Տաղավարի հանդեպ, փոքր-ինչ