Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/320

Այս էջը սրբագրված է

րական էր ինձ համար, և երկրպագություն տալ պարսից աստվածներին... Ի՞նչը քարացրեց իմ հավատը, ի՞նչը խեղդեց իմ մեջ ազգային բոլոր սուրբ զգացմունքները...— Միայն դո՛ւ, քո սե՛րը միայն, ո՛վ Որմիզդուխտ...

Այդ անունը արտասանելու միջոցին՝ նա խոնարհվեցավ, ծունր դրեց գետնի վրա, կարծես երկրպագություն էր մատուցանում մի երկնային աստվածուհու։

«Ես սիրում էի քեզ, Որմիզգուխտ, խելագարության չափ սիրում էի քեզ... Այդ գիտեր քո թագավոր֊եղբայրը և իմ այդ թուլությունից օգուտ քաղեց նա․․. Ամեն խոստմունքներ, ամեն պարգևներ, ինչ որ ամենաբարձր էր մարդկային փառքի և վայելչության համար, խոստացավ նա ինձ, բայց չկարողացավ խախտել իմ հավատարմությունը թե դեպի իմ հայրենիքը և թե դեպի իմ թագավորը։ Իսկ քեզ տալով, նա խլեց ինձանից բոլորը, ինչ որ սուրբ էր ինձ համար, ինչ որ թանկագին էր ինձ համար... Ես հանձն առի կատարելու քո եղբոր ամենավատ ցանկությունները, միայն քե՛զ ստանալու համար, ո՛վ Որմիզդուխտ...

Մի քանի րոպե տիրեց նրան մի խորհրդավոր լռություն, ջերմ արտասուքը հեղեղի նման թափվում էր աչքերից, և խուլ ապաշավանքը ալեկոծում էր նրա սիրտը։

«Սիրո՜ւմ եմ․․․ չեմ կարող սպանել իմ մեջ այդ սերը․․․» հանկարծ բացականչեց նա և բարձրացավ յուր տեղից։

Նա կրկին աչքերը դարձրեց դեպի երկինքը և, երկու ձեռքերը դեպի վեր տարածելով, գոչեց․

«Ով տեր տերանց. ո՛վ աստված աստծոց, ցույց տո՛ւր ինձ այն անոթը, որ կրում է յուր մեջ սիրո կենսատու կաթիլները, ցույց տո՛ւր, ո՛վ տեր, ես կփշրե՜մ, ես կխորտակե՛մ այդ անոթը, որովհետև նրա մեջն է ամփոփված իմ բոլոր թշվառությունը․․․ Ինչո՞ւ դրեցիր իմ մեջ այդ անոթը, ո՛վ տեր, ինչո՞ւ վառեցիր իմ սիրտը այդ անշեջ կրակով․․. Թո՛ղ չլիներ կնոջ սերը, թո՛ղ հավիտյան չլինե՛ր նա, և ես ավելի բախտավոր կլինեի․․. Այդ սիրո համար ես հանձն առի մի ամոթալի պաշտոն... Այդ սիրո համար ես կատարեցի և պիտի շարունակեմ կատարել դժոխային բարբարոսություններ... Ես թույլ եմ, ես անզոր եմ, ո՛վ տեր, քո հզոր ձեռքը միայն կարող է մահացնել նրան... Աղաչում եմ, մեռցրու նրան և բոլորովին ցամաք անապատ դարձրո՛ւ իմ սիրտը, որպեսզի գա դարեն իմ մեջ բոլոր կրքերը..․»։

Հանկարծ լռեց։ Դարձյալ արտասուքը սկսեց հոսիլ նրա աչ