Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/323

Այս էջը սրբագրված է

քերի գլուխը և մի մեծ արշավանք կատարել դեպի Հայաստան։ Նրան այնքան չէր ցավեցնում յուր գունդերի կորուստը, որ ընկան Վանա պարիսպների մոտ, որքան կատաղեցնում էր այն միտքը, որ յուր նպատակները հայոց վերաբերությամբ հենց առաջին անգամից անհաջողության հանդիպեցին։

Նրա զորքերի բազմությունը դեռ Ատրպատական չէր հասած, բայց սոսկալի շարշափը տարածվեցավ դեպի ամեն կողմ։ Նա գալիս էր, որպես մի մրրկածուփ հեղեղ, ամեն ինչ ողողելու, ամեն ինչ ոչնչացնելու համար։ Հայոց նախարարներից շատերը նրա երկյուղից թողեցին իրանց ընտանիքները, թողեցին իրանց բերդերը և փախան դեպի զանազան կողմեր։ Իսկ մնացողները ամրացան անմատչելի լեռներում։

Հայաստանի արևելյան մասը, որ սահմանակից էր պարսից, նա յուր առջև բոլորովին բաց գտավ։ Որտեղից և անցնում էր, յուր ետևից թողնում էր ավերակներ, տխուր անապատ և ամայություն։ Քաղաքներն ու ավանները կրակի ճարակ էին դառնում, իսկ փախչելու անկարող բնակիչները գերվում էին։ Նրան առաջնորդում էին Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը։

Նա մտավ Բագրևանդ գավառր և յուր ծանր բանակը դրեց Զարեհավանի ավերակների մոտ, որ կործանված էր նրա հառաջապահ զորքերից։

Այստեղ դիմեց նա հայոց տիկնոջը, Փառանձեմին, ձերբակալելու մտքով, որ այդ ժամանակ գտնվում էր Ծաղկանց լեռների սարավանդների վրա— Շահապիվանում։ Ծաղկանց լեռները արքայական ամառանոցներ էին։ Բայց մինչև նրա հասնելը, հայոց տիկինը խույս տվեց և տասնումեկ հազար զինվորներով մտավ Երասխաձորի Արտագերս բերդը։

Առավոտ էր, այն ողբալի առավոտը, որի մյուս օրը Շապուհը պետք է չվեր պաշարելու Արտագերս բերդը։ Այս առավոտ նրա հրամանով կատարվեցան այնպիսի գործողություններ, որ վայել չէին ոչ արքայի և մարդու։

Լուռ և տխուր հոսանքով վազում էր Արածանին (Եփրատը), կարծես չտեսնելու համար այն գազանային անգթությունները, որ այս առավոտ պետք է կատարվեին նրա ափերի մոտ։

Գետի մի կողմում, նպատ լեռան լանջաց վրա, կազմված էին արքայական վրանները, բոլորը լաջվարդի գունով և մինը քան մյուսը ավելի շքեղ և ավելի փառավոր։ Վրանների գույնը, միա