Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/324

Այս էջը սրբագրված է

խառնվելով լեռան կանչազարդության հետ, ներկայացնում էին հիանալի տեսարան։ Նրա հետ էր և յուր կանանոցը։ Պարսից թագավորները սովորություն ունեին, երկարատև արշավանքների ժամանակ, կանանոցը իրանց հետ տաներ։ Կանանց փակ վրանները դրսից երևում, որովհետև շրջապատված էին բարձր սարայփարդաներով, որ կտավյա սպիտակ պարտակներից կազմված, բոլորակ վանդակապատի ձև ունեին։

Գետեզերքի գեղեցիկ տափարակների վրա, հեռու և հեռու, տարածվում էր ընդարձակ բանակը։ Այնտեղ զետեղված էին զորքերի և զորապետների վրանները։ Գույնզգույն դրոշակները ծածանվում էին, որ նշանակ էին յուրաքանչյուր գնդի առանձնությանը։

Արքայական վրանի կոնաձև գագաթին դրած էր մի ոսկեղեն գունդ, որի վրա փայլում էր պարսկական սրբազան վառը — ոսկեձույլ, ոսկեճաճանչ արեգակը։ Այդ վրանի մեջ Շապուհը նստած էր փղոսկրյա քառակուսի թախտի վրա, որ զարդարած էր գեղեցիկ քանդակներով։ Այս առավոտ հագած ուներ արյունագույն-կարմիր պատմուճան։— Այդ արդեն նշան էր, որ արյան հետ գործ պետք է ունենա։ Գլխին կրում էր փառավոր խույրը, որի առջևի կողմից, ճակատի վրա, մարգարտաշար նարոտներով կապած էր արքայական ոսկյա գարգմանակը, որ փողփողում էր արեգնային ճաճանչներով։ Կուրծքը, ուսերից սկսած, պատած էր գոհարազարդ ապիզակով, որ հասնում էր մինչև նույնպես գոհարազարդ գոտին։ Թևքերի վրա, արմունկներից վերև, կապված էին ոսկյա ապարանջաններ։ Երկու ականջներից քարշ էին ընկած երկու ծանր գինտեր։ Իսկ աջ ուսից ձգած էր հմայքներով լի 6ամայիլը, որ զարդարած էր գույնզգույն խոշոր քարերով, և որը կողմնակի կերպով անցնում էր կուրծքի վրայով և յուր երկու ծայրերով միանում էր ձախ թևքի տակում։ Այդ համայիլի վրա գործ էին դրել նրա մոգերը իրանց բոլոր կախարդական արհեստն ու գիտությունը։ Յուր թախտի վրա նստած էր նա չոքած կերպով։ Գավազանի փոխարեն երկու ձեռքով բռնած ուներ մի երկաթյա ծանր լախտ, գնդաձև գլխով, որ հորիզոնական դիրքով դրած ուներ ծնկների վրա։ Նրա ետևում հսկում էր Դրան զինակրապետը, որ ձեռքում բռնած ուներ արքայական սուրը։ Աջ կողմում կանգնել էր Մերուժան Արծրունին, իսկ ձախ կողմում՝ Վահան Մամիկոնյանը— Սամվելի հայրը։ Երկուսն էլ նրա փեսաներն էին, երկուսն էլ գտնվում էին կատարյալ զինավառության մեջ։