Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/326

Այս էջը սրբագրված է

վաղուց ոչնչացրած էին, և այժմ նրանց տեղում կանգնած էր քրիստոնեական վեհափառ տաճարը։

— Ո՞վ կործանեց այդ մեհյանը,— հարցրեց նա։

— Հայոց Գրիգոր քահանայապետը,— պատասխանեց Մերուժանը,— որին անմտությամբ Լուսավորիչ են կոչում։

— Նա՞, որ հայերին Մազդեզանց լույսից հանեց և քրիստոնեական մոլորությունների մեջ ձգեց։

— Այո՛, նա, տե՛ր արքա։ Այդ կատարվեցավ այն ժամանակ, երբ նա նույնիսկ այդ գետի մեջ, որ մեր առջևում հոսում է, մկրտեց հայոց Տրդատ թագավորին յուր բոլոր մեծամեծների հետ։ Հայերը մինչև այսօր հավատում են, թե մկրտության միջոցին երկնքից սյունի նմանությամբ լույս ծագեց, որի գլխին արեգնային ճառագայթներով փայլում էր խաչի նշանը, և մնաց գետի վրա այնքան ժամանակ, մինչև ամենքը մկրտվեցան։

Լսելով Մերուժանի վերջին խոսքերը, Շապուհի դեմքի վրա անցավ ժպիտի նման մի ցնցում։

— Պետք է այդ վանքը կործանվի՜,— ասաց նա,— և որպես առաջ, նույնպես և այժմ, պետք է կրկին վառվի՛ նրա մեջ որմզդական սուրբ հուրը։

— Արքայից արքայի կամքը արդեն կատարված է,— պատասխանեց Մերուժանը մի առանձին պարծենկոտությամբ։ — Նրա մեջ ատրուշանը պատրաստված է և սուրբ հուրը վառվում է։ Երեկ հրավիրեցի գերիներին և առաջարկեցի, որ երկրպագություն տան կրակին, ոմանք ընդունեցին, իսկ շատերը համառությամբ մերժեցին։ Այժմ արքայից արքայի բարձր հրամանիցն է կախված, թե ի՞նչ պետք է անել այդ մոլորյալների հետ։

— Բոլորին պատմել, որ մյուսներին օրինակ լինի,— ասաց թագավորը, և նրա խոշոր աչքերը վառվեցան անողոք բարկությամբ։— Արևելքից մինչև արևմուտք պետք է տիրե Մազդեզանց կրոնը, և ամեն ընդդիմացող մահվան չարաչար պատիժը պետք է կրե։

— Այդպես ևս կարգադրված է, տե՛ր արքա, այժմ կսկսվի դատապարտության հանդեսը։

Մի տափարակի վրա, որ մոտ էր գետեզերքին, անհամբերությամբ սպասում էին փղերի վարժեցրած երամակները։ Փղապանները ավելի և ավելի գրգռում էին նրանց, և ամեհի գազանները զարհուրելի ձայներ էին հանում։ Հրապարակի մի կողմում կանգնեցրել էին այն գերիներին, որոնք մերժել էին կրակին երկրպա-