Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/33

Այս էջը սրբագրված է

— Երևի «նրա» սենյակի շուրջը քծնվում էիր․․․— հարցրեք իշխանը ավելի մեղմ ձայնով։

— Ինչպե՞ս իմ տիրոջ առջև մեղքս ծածկեմ... այդպես էր... Պատանին սիրահարված էր իշխանի մոր աղախիններից մեկի վրա և այդ դիտեր նրա տերը։ Եվ նրա վարմունքը ծերունի դռնապանի մորուքի հետ՝ այդ սիրահարության հետևանքներից մեկն էր, որովհետև անհամբեր ծերուհին շատ անգամ արգելք էր լինում պատանու գիշերային արշավանքներին... Բայց իշխանը թողեց այդ խնդիրը և, խոսքը փոխելով, հարցրեց նրանից.

— Դու ճանաչեցի՛ր սուրհանդակին։

— Սատանայի պես։

— Ո՞վ էր։

— Պարեխեցի Ոսկանն էր. նա որ յուր կնոջը սպանեց և յուր եղբոր կինն առեց. մեծ իշխանից նամակ էր բերել։

— Նա մնա՞ց տիկնոջ մոտ։

— Ոչ, նամակը հանձնեք, բավական խոսեցին, հետո էլի մթնով դուրս գնաց։ Դուռը ես բաց արի։

— Այդ մասին լեզուդ լուռ կպահես։

— Խուլ ու մունջի պես։

Այդ ուրախ, պարզամիտ պատանին ոչ սակավ անգամ վանում էր յուր տիրոջ թախծությունները նրա տխրության րոպեներում, և ոչ սակավ անգամ յուր ծիծաղաշարժ բանսարկություններով, որ սովորություն ուներ գործ դնել ամրոցի հասարակության մեջ, զվարճություն էր պատճառում նրան։ Բայց այս առավոտ գոհ չմնաց յուր վարպետություններից։ Նրա տերը դարձյալ տխուր էր, դարձյալ գտնվում էր մի անսովոր, մռայլ մտախոհության մեջ։

Նա սպասավորից շատ բան չիմացավ սուրհանդակի մասին, որքան ինքը գիտեր, միակ բանը, որ հետաքրքիր էր նրա համար, այդ այն էր, թե ինչո՞ւ յուր մայրը հեռացրել էր սուրհանդակին։ Ամեն անգամ, երբ պատահում էր սուրհանդակ ընդունել, նա սովորաբար կմնար ամրոցում, այնքան ժամանակ, մինչև բերած նամակի պատասխանը կստանար, հետո կգնար։ Իսկ այժմ ի՛նչն էր ստիպել յուր մորը թաքցնել սուրհանդակին, և թաքցնել ամրոցից տարակա մի գյուղում։

Նա դարձավ դեպի սպասավորը այս խոսքերով.

— Հուսիկ, եթե սուրհանդակը մյուս անգամ գալու լինի տիկնոջ մոտ, դու կարո՛ղ ես այդ իմանալ։

— Կարող եմ,— պատասխանեց պատանին վստահությամբ։