Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/330

Այս էջը սրբագրված է

յից արքայի կամքը, մե՛ծ է նրա զորությունը և անբա՛վ է նրա գթությունը։

— Թո՛ղ նրա զորությունը, թո՛ղ նրա գթությունը յուր հետ ի կորո՜ ւստ մատնվի,— աղաղակեցին կանայք միաձայն։— Եվ թո՛ղ հավիտենական անեծքը լինի նրա մասն ու բաժինը։ Մենք պատրաստ ենք միշտ այդպես գերի մնալ և ընդունել ամեն դատապարտություն, քան թե նրա չար կամքի և նրա անիրավ հրամանի գերին դառնալ։

— Կրկնում եմ, երեքկնում եմ,— ձայն տվեց մովպետան֊մովպետը,— խնայեցե՛ք ձեր անձներին, խղճացեք ձեր զավակներին։ Զեր զավակները ձեր աչքերի առջև փղերի ոտքի կոխան կլինեն, իսկ դուք այդ սայլակների վրա կդատապարտվեք չարաչար մահվամբ։

— Ոչինչ չէ կարող խախտել մեր հավատը, ոչինչ չէ կարող վախեցնել մեզ։ Թո՛ղ կատարվի չար բռնակալի չար կամքը։ Մենք պատրաստ ենք։

Տեսնելով զայրացած կանանց հաստատամտությունը, մովպետան-մովպետը դարձավ դեպի դահիճները, հրամայելով.

— Կատարեցե՜ք...

Մոտեցան կարմրազգեստ դահիճները և, կատաղի գայլերի նման, հափշտակեցին հավատավոր կանանցից շատերին և տարան, կանգնեցրին սայլակների տախտակամածի վրա։ Մեքենան որքան վարպետությամբ էր կազմված, այնքան և ահռելի էր։ Դա ներկայացնում էր պարսկական անգթությունը յուր բոլոր բարբարոսությամբ։ Երկաթյա ձողը, որ կայմի պես տնկած էր նրա մեջտեղում, կայմի նման պարաններ ուներ։ Անմեղ զոհերին կապում էին պարաններով, քարշ էին տալիս և մի րոպեում բարձրացնում էին և շամփրում էին սրածայր ձողի գլխին։ Քառորդ ժամ չանցավ, հրապարակի ամբողջ մթնոլորտը լցվեցավ մերկ դիակներով, որ կախված էին օդի մեջ։ Բայց ավելի քան մահվան տագնապը, զարհուրելի էր այգ քաջ նահատակների զվարթությունը, որով նրանք մերձենում էին սոսկալի մեքենային։ Բարձրանալով նրա գլխին, այդ առաջին աստիճանն էին համարում, որի վրա ոտք էին դնում` դիմելու դեպի հավիտենական երանությունը։ Կնոջ արիությունը խորտակում էր ամբարտավան թագավորի մեծամտությունը, որ յուր վրանում նստած տեսնում էր նրանց տանջանքները, լսում էր նրանց դառն հառաչանքները և լի սանդարամետական բարկությամբ վրդովվում էր, ալեկոծվում էր, նկատելով, որ յուր