Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/331

Այս էջը սրբագրված է

անօրինակ բարբարոսություններն անգամ մնում են ապարդյուն, մնում են առանց ազդեցության...

Նա ցած իջավ թախտից և դուրս եկավ վրանից։ Նրա հետ դուրս եկան Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը։ Ամբողջ ավագանին, բոլոր դրանիկները, որ կանգնած էին նրա վրանի մուտքի հանդեպ, ընկան գետնի վրա և երկրպագություն մատուցին:

Նա նստեց յուր ձին և դիմեց բանակը։ Նրան հետևում էին Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը։ Իսկ նրանց ետևից գնում էին արքայական թիկնապահները, ամենքը ձիավորված։

Թե ինքը թագավորը և թե յուր ձին վառվում էին ոսկու և գոհարների մեջ։ Ձիու գագաթի վրա փայլում էր մի ճաճանչավոր մահիկ։ Բանակը դիտելուց հետո, նա դիմեց դեպի այն կողմը, որտեղ կատարվում էր բարբարոսական գործողությունը։

Խորին ուշադրությամբ անցնում էր նա մերկանդամ կանանց շարքերի միջով և նայում էր յուրաքանչյուրի վրա։ Մեկը նրանցից զայրացած կերպով ձայն արձակեց.

— Շապո՜ւհ, այդ վայել չէ մի թագավորի, որ իրան հասարակաց հայր է կոչում։ Այսպես հրապարակապես խայտառակելով պատվավոր կանանց, դու խայտառակում ես քեզ։ Քո բոլոր զորությամբ տկար կնոջ հետ այդպես վարվելով, դու ապացուցանում ես քո հոգեկան ողորմելի տկարությունը...

Նա ձիու գլուխը պահեց և, դառնալով դեպի Մերուժան Արծրունին, հարցրեց.

— Ո՞վ է այդ կինը։

— Սյունյաց Անդովկ իշխանի տիկինն է,— պատասխանեց Մերուժանը։

Վահան Մամիկոնյանը ամոթից, թե խղճի խայթից գլուխը քարշ ձգեց։ Սյունյաց Անդովկ իշխանը Մամիկոնյանների փեսան էր, և այդ պատկառելի տիկինը նրա հոր քույրն էր։ Այդ պատկառելի տիկինը միևնույն ժամանակ հայոց թագուհու` Փառանձեմի մայրն էր։ Որովհետև Արշակ թագավորը ամուսնացած էր Սյունյաց Անդովկ իշխանի դստեր` Փառանձեմի հետ։

Լսելով Անդովկի անունը, Շապուհի սպառնալի դեմքի վրա անցավ մի դառն ծիծաղ։

— Դու ինձ նախատում ես, տիկին,— ասաց նա հեգնական ձայնով։— Դու ինձ նախատում ես, որ ես թագավորապես չեմ վարվում։ Ապա այն վայելո՞ւչ էր, ապա այն լա՞վ էր, տիկին, որ