Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/333

Այս էջը սրբագրված է

- Դու, Շապո՛ւհ, հիշեցնում ես ինձ, թե ի՛նչպես իմ ամուսինը հրդեհեց Տիզբոնը և կողոպտեց քո գանձերը։ Այղ ճշմարիտ է։ Բայց այն ծանր վիրավորանքից հետո, որ դու հասցրիր իմ ամուսնին քո տան մեջ, քո սեղանի վրա, նրա կատարած վրեժխնդրությունը դեռ շատ բավարար չէր։ Նա՛, իրավ է, հրդեհեց քո քաղաքը, կողոպտեց քո արքունիքը, բայց քո կանանցը ձեռք չմեկնեց, թեև, շատ հեշտ էր նրա համար բոլորին գերի վարել ՍյուՆիք և նրանց ձեռքով յուր ամրոցի՝ Բաղաբերդի փողոցները ավելել տալ։ Բայց նա, իբրև ազնիվ մարդ, ազնվաբար վարվեցավ։ Իսկ դո՛ւ...

Վերջին խոսքը մնաց տիկնոջ բերանում։ Իսկույն դահիճները վրա հասան, նախ կտրեցին նրա լեզուն և ապա մաս֊մաս հոշոտեցին նրա մարմինը...

Կատաղած թագավորի անգթությունը անցավ ամեն չափից, ամեն սահմանից։ Հրամայեց՝ Սյունյաց իշխանի ամբողջ իգական սեռը կոտորել, իսկ տղաներին ներքինի դարձնել, որպեսզի Անդովկից ո՛չ մի ժառանգ չմնա և նրա տոհմը իսպառ բնաջինջ լինի․․․

Թ

ԱՐՏԱԳԵՐ

«Ապա իբրեւ ետես տիկինն աշխարհին Հարոց, կինն Արշակայ թագաւորին Հայոց՝ Փառանձեմ, զզօրս թագաւորին Պարսից... առեալ ընդ իւր մարդիկ իբրեւ մետասան հազար՝ ազատս ընտիրս սպառազէն պատերազմողս, ես հանդերձ նոքօք դիմեաց եմուտ ի բերդն Արտագերից՝ որ ի յերկրին Արշարունեաց... Ապա եկին հասին ամենայն զօրքն Պարսից, շուրջ զբերդաւն նստէին, պահ արկանէին. պատեցին պաշարեցին... Եւ նստան շուրջ զբերդաւն ամիսք երեքտասան եւ առնուլ զբերդն ոչ կարացին, զի կարի ամուր էր տեղին»։

Փաւստոս:

Զարեհավանի եղեռնագործություններից հետո, Շապուհը ուղղակի դիմեց Արտագերս բերդը, որի մեջ ամրացած էր հայոց Փառանձեմ տիկինը՝ արքայական գանձերի հետ։ Պարսից ընչաքաղց