Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/334

Այս էջը սրբագրված է

թագավորին այնքան չէր հրապուրում հայոց արքայի գանձերը, որքան հայոց արքայի կինը։ Նրան ձերբակալելով նա ամբողջ Հայաստանը ձերբակալած էր համարում։ Թագավորին վաղուց արդեն յուր ճանկերի մեջ ուներ նա։ Մնում էր թագուհին։

Արտագերսը ուներ յուր տխուր պատմությունը։ Նա Արշարունյաց գավառի ամուր և անմատչելի բերդերից մեկն էր, որ նախ պատկանում էր Կամսարականներին։ Արշակ թագավորը խիստ ապօրինի միջոցներով խլեց նրանցից այդ բերդը և սեփականեց իրան։ Այժմ անիրավությամբ հափշտակված բերդը նրա կնոջ ապաստարանն էր դարձել։

Տիկինը մտավ այդ բերդը տասնևյոթ հազար հոգով, որոնցից տասն և մեկ հազարը տղամարդիկ էին, իսկ վեց հազարը կանայք։ Այդ բազմության մեծ մասը բաղկացած էր հայոց իշխանական տոհմերից, որոնք տագնապի ժամանակ միայնակ չթողին իրենց թագուհուն։

Մի քանի ամիսների համառ պաշարումից հետո, մի քանի ամիսների սաստիկ կռիվներից հետո, Շապուհը յուր բաղձանքների մեջ բոլորովին հուսախաբ գտնվեցավ։ Նրա զորքերի անթիվ բազմությունը, իրանց ռազմական ահարկու պատրաստություններով, ոչ միայն բերդը գրավել չկարողացան, այլ ամեն անգամ պաշարվածներից չարաչար ջարդ կերան։ Արյաց արքայից արքան, որի առջև ամբողջ արևելքն ու արևմուտքը դողում էր սարսափից, սկսեց կատաղությունից մրրկածուփ ծովի նման ալեկոծվիլ, սկսեց գազանային բարկությամբ փրփրիլ երբ տեսնում էր, որ յուր բոլոր զորությունները ապադյուն կեպով փշրվում էին, խորտակվում էին Արտագերսի անսասան ապառաժների վրա։

Ծա՜նր էր Շապուհի դրությունը։ Նա ընկել էր այն սոսկալի ցանցի մեջ, ուր Երասխը և արագավազ Ախուրյանը, հատանելով լեռնային սարավանդները և, խորին կիրճերի ու խոխոմների միջով ընթանալով, վերջապես, գրկվում են, իրանց ուժերը միացնում են, բազմաթիվ անհնարին որոգայթներ պատրաստելով հայոց թշնամիքների համար։ Այդ գետերի մթին քարանձավներում մի ժամանակ որջացած էին հայոց վիշապները և սարսափ էին տարածում դեպի ամեն կողմ։ Իսկ այժմ իրանց թագուհու հետ ամրացած էին հայոց հսկաները։ Հսկաները գործ ունեին արևելքի ահարկու հսկայի հետ։

Այնտե՛ղ, ուր Ախուրյանը և Երասխը միանում են միմյանց