Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/34

Այս էջը սրբագրված է

— Ումի՞ց։

— «Նրանից», «նա» ամեն բան կասե ինձ։

Խոսքը տիկնոջ աղախնի մասին էր, որ սաստիկ սիրում էր պատանուն։

— Կարո՞ղ ես իմանալ և ա՛յն, թե սուրհանդակը ի՛նչ կխոսի տիկնոջ հետ։

— Այդ էլ կարող եմ։

— Ի՞նչ միջոցով։

— «Նրան» կասեմ, «նա» դևի նման կմտնի մի ծակում, ականջ կդնե, հետո կգա, բոլորը կպատմե ինձ։

— Բայց «նա» չպիտի գիտենա, որ դու ինձանից պատվեր ես ստացել։

— Հուսիկը երեխա չէ, նա այդ կարող է հասկանալ։

— Իսկ եթե «նա» լեզուն շպահե՞։

— «Նա» այնպիսի աղջիկ չէ, ես «նրան» կասեմ՝ բերանդ փակ պահիր, և «նա» էլ չի բաց անի։

Տիկնոջ մոտ. եկած սուրհանդակը հասարակ մարդ չէր։

Նա Տարոնի տանուտերներից մեկն էր, նրա մասնավոր խոսակցությունը տիկնոջ հետ՝ շատ բան կարող էր պարզել իշխանի համար, և այդ էր, որ հետաքրքրում էր նրան։

Արեգակը արդեն բավական բարձրացել էր հորիզոնի վրա և իշխանի սենյակը լցրել էր ջերմ, ոսկեփայլ ճառագայթներով։ Նա ցած իջավ գահավորակի վրայից և հրամայեց պատանուն, որ լվացվելու ջուր տա։

Նա մտավ քնարանը։ Այնտեղ, սենյակի մի կողմում, հատակի վրա տարածված էր փափուկ, թանկագին օթոց. պատանին փռեց նրա վրա մի պաստառ բամբակյա մաքուր գործվածքից, որի վրա ծալապատիկ նստեց իշխանը։ Այդ պաստառը նրա համար էր, որ ջուրը չսրսկվի օթոցի վրա։ Հետո պատանին տարածեց իշխանի ծնկների վրա կտավյա, սպիտակ ղենջակը և արծաթյա լագանը դրեց նրա առջև։ Գեղաքանդակ լագանը բոլորակ տաշտի ձև ուներ, անհավասար, ալիքավոր շրթունքներով, որոնք բութ սղոցի ատամների էին նմանում։ Իսկ շրթունքների մեջ ագուցած էր մի տափակ, ցանցատեսակ խուփ, մանր ծակտիքներով, որ զանազան նկարներ էին ներկայացնում։ Հեզած ջուրը ծակտիքներից մաղվում էր լագանի մեջ և լվացվողը յուր անմաքրությունը չէր տեսնում։ Պատանին ծնկների վրա չոքած էր յուր տիրոջ առջև, աջ ձեռքով ջուր էր ածում, իսկ ձախ ձեռքում բռնած ուներ մի փոքրիկ, արծաթյա թաս,