Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/342

Այս էջը սրբագրված է

ձեր հայրենասիրության բարձր ոգին, որ դուք չխնայեցիք ձեր տոհմայիններին և նրանց զենքերին զենքով պատասխանեցիք։ Գովում եմ ձեր առաքինությունը և տալիս եմ իմ մայրական օրհնությունը։

Ամենքը լռությամբ գլուխ խոնարհեցին, արտահայտելով իրանց խորին շնորհակալությունը։ Նա շարունակեց.

— Բայց դեռ շատ գործեր են մնում մեզ կատարելու, և ամենադժվար գործեր: Մենք թշնամուն վանեցինք մեր բերդի չորեք կողմից, բայց ոչ մեր աշխարհից։ Մենք պաշտպանեցինք մեր անձերը, բայց ոչ մեր աշխարհը։— Մեր աշխարհը, մեր սիրելի աշխարհը, դեռ դրած է նրա բարբարոսության առջև։ Ես տարակույս չունեմ, որ Շապուհը, այնպես ամոթալի կերպով հեռանալով մեր բերդի ստորոտից, պիտի կարողանա՞ արդյոք մոռանալ այդ դառն վիրավորանքը։ Նա յուր մաղձն ու թույնը կթափե, անշուշտ, մեր աշխարհի մյուս անպաշտպան մնացած տեղերի վրա։ Իսկ այսպիսի տեղեր սակավ չեն։ Մեր նախարարներից ոմանք այնքան երկչոտ գտնվեցան, որ իրանց երկիրը թողին անտեր և փախան դեպի զանազան կողմեր։ Նրանց ամրոցները գրավել է թշնամին։ Նրանց ընտանիքները բանտարկված են իրանց սեփական ամրոցների մեջ և պահվում են որպես պատանդ։ Բացի դրանցից, Զարեհավանի ցավալի արյունահեղությունից հետո, ուր Շապուհը ցույց տվեց յուր գազանային կատարյալ վայրագությունը,— մեր գերիներից դեռ ստվար բազմություն գտնվում է թշնամու ձեռքում։ Մեզ համար չէ հանգստությունը, քանի դեռ մեր եղբայրները ու քույրերը գերության մեջ են գտնվում։ Մեզ համար չէ հանգստությունը, քանի դեռ կմնա այն անպատվության մուրը, որ քսեց Շապուհը մեր նախարարների երեսին, նրանց կանանցը և օրիորդներին մերկանդամ կանգնեցնելով յուր բանակի առջև... Դա՜ռն է, սաստիկ դա՜ռն ինձ՝ մի ըստ միոջե հիշել, թե որքա՛ն անթիվ են մեր տառապանքները, և որքա՛ն անբժշկելի են մեր վերքերը։ Ես իմ հույսը դրել եմ աստուծո օգնության և ձեր հայրենասիրության վրա, ո՛վ քաջեր, և աներկբա եմ, որ դուք այսուհետև ավելի մեծ եռանդով կապացուցանեք, որ արժանի եք ձեր կոչմանը...

Նրա քաղցր և ազդու ձայնը, որ մետալի հնչյուններով արձագանք էր տարածում ընդարձակ սրահի մեջ, նրա ոգելից խոսքերը, որ կրակի նման հեղվում էին բոցավառ շրթունքներից, խորին տպավորություն գործեցին բոլոր հանդիսականների վրա, որոնք կրկին և կրկին գլուխ խոնարհեցին արտահայտելով իրանց անձնանվիրության անկեղծ հավաստիքը։