Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/344

Այս էջը սրբագրված է

Եպիսկոսոպը ընդունեց զենքը։

Հետո թագուհին վեր առեց մի ոսկեհուռ վերարկու, և մոտենալով Մուշեղ Մամիկոնյանին, ասաց.

— Դու, Մուշեղ, այդ կռիվների մեջ ապացուցեցիր, որ քո արժանահիշատակ հոր հարազատ զավակն ես,— ա՛յն հոր, որ յուր կյանքը դրեց յուր հայրենիքի և յուր թագավորի վրա։ Հեզ վայել է մեծարել այն ընծայով, որ ամենաբարձրն է արքայական պարգևների մեջ։ Դու այժմ քո հզոր ուսերի վրա ես տանում Հայոց աշխարհի բոլոր ծանրությունը։ Եվ ես այդ արժանի ուսերը կզարդարեմ այն վերարկուով, որ մի ժամանակ կրել է իմ թագավոր-ամուսինը։

Սպարապետը խորին երախտագիտությամբ ծունր դրեց տիկնոջ առջև, և նա ձգեց նրա ուսերի վրա արքայազգեստ վերարկուն։ Հետո թագուհին մերձեցավ ընծաների մթերքին, վեր առեց մի ոսկյա բաժակ և, մոտենալով Սահակ Պարթևին, ասաց.

— Քո հայրը, Սահակ, յուր հայրենիքի ամենահաստատուն նեցուկն էր, և նրա սիրո համար՝ այժմ կրում է աքսորի տաժանական կյանքը։ Քո վեհափառ ճակատի վրա փայլում է հոր լուսապայծառ աստղը, և այդ երևեցավ վերջին կռիվների մեջ։ Ընդունի՛ր այդ բաժակը, և ամեն անգամ, երբ ըմպելու լինես դրանով, հիշի՛ր իմ դեպի քեզ ունեցած ջերմ զգացմունքը։

Պարթևազն երիտասարդը ծունր դրեց և ընդունեց նրա ձեռքից գեղեցիկ բաժակը։

Այսպես առատաձեռն պարգևներով վարձատրում էր խելացի տիկինը յուրաքանչյուրի քաջությունը, և նրա քաղցրախոս լեզվում ամենի համար կային խիստ իմաստալի գովասանքներ, համեմատ նրանց տոհմային նշանակությանը և նրանց մատուցած ծառայություններին։ Մե՞ծ էր նրա նախարարների գոհունակությունը, և անսահման էր նրանց մխիթարական ոգևորությունը։ Տիկնոջ ամեն մի ժպիտը, ամեն մի մայրական զգացմունքներով լի հայացքը՝ նրանց նոր ոգի, նոր եռանդ և անձնանվիրություն էր ներշնչում։ Նրանք ուրախ էին, որ իրանց ծառայությունները ոչ միայն վարձատրվում են, այլ հասկացվում են, և մի այնպիսի ազնվամիտ կնոջ համակրությանն են արժանանում, որպիսին էր հայոց տիկինը։

Երբ տղամարդերի պագևաբաշխությունը վերջացավ, տիկինը դարձավ դեպի ազատանի կանայքը, որոնք պաշարման ժամանակ խիստ փայլուն ծառայություններ էին ցույց տվել։ Նրա գեղեցիկ աչքերը որոնում էին մեկին, որը կանանց խմբի մեջ չէր երևում։