Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/345

Այս էջը սրբագրված է

— Իմ քաջերի թվում կար և մի օրիորդ հերոսուհի,— ասաց նա: — Ո՞ւր է Աշխենը, կանչեցե՛ք այստեղ Աշխենին։

Ռշտունյաց նազելի օրիորդը համեստությունից թաքնվել էր։ Մի քանի րոպեից հետո ներս մտավ նա, զինվորական շքեղ զրահավառության մեջ։ Բոլորի աչքերը դարձան դեպի գեղեցիկ, վայելչակազմ հերոսուհին։ Տիկինը գրկեց նրան և, ճակատը համբուրելով, ասաց.

— Սիրելի՜ Աշխեն, կար մի ժամանակ, հանգստի և խաղաղության երջանիկ ժամանակներում, մեր իշխանազն օրիորդները նրանց մատների ճարտարությունը ցույց էին տալիս գեղեցիկ գործվածքների մեջ, որոնցով զարգարում էին նախարարների փառավոր զրահները և մեր տաճարների սուրբ սեղանները։ Անցավ խաղաղության ժամանակը, եկավ արյան և կոտորածի տագնապը։ Եվ դո՛ւ, քո գովելի օրինակով, մի գեղեցիկ դաս տվեցիր քո իշխանազն քույրերին, թե երբ հայրենիքը վտանգի մեջ է, կնոջ քնքուշ մատներն ևս, ասեղի փոխարեն, պետք է նիզակ բանեցնեն, իսկ թելի փոխարեն, պետք է ձգեն աղեղի ամրապինդ լարը։ Դու արդամբ կատարեցիր այդ, և կատարեցիր հրաշալի կերպով։ Եվ ես, սիրելի Աշխեն, ահա այդ արժանավոր կամ արով գոտևորում եմ քո արիական մեջքը, ցանկանալով քեզ ավելի աշխույժ և զորություն։

Տիկինը յուր ձեռքով կապեց ականակուռ կամարը նրա մեջքին, Իսկ օրիորդը ուրախության արտասուքը աչքերում համբուրեց նրա բարերար ձեռքը։

Մյուս կանանցից և օրիորդներից շատերը նույնպես ընծաներ ստացան։ Երբ պարգևաբաշխության հանդեսը վերջացավ, եպիսկոպոսը կարդաց օրհնության մաղթանքը։ Այդ միջոցին սեղանատան մեջ հնչեցին պալատական նվագարանները և թագուհին ամենայն սիրելությամբ դարձավ դեպի հանդիսականները, հրավիրեց յուր մոտ ճաշելու։

Մինչև երեկո բազմությունը պալատի դռան հանդեսը, հրապարակի վրա, անհամբերությամբ սպասում էր նախարարներին։ Երբ նրանք հայտնվեցան, լսելի եղան ուրախության բարձրագոչ աղաղակներ։ Ամբոխի ոգևորությունը չափ չուներ։ Ամեն կողմից շրջապատեցին սիրելի իշխաններին, ամեն կողմից նետվում էին, որ ձեռքերի վրա բարձրացնեն և այնպես տանեն, հասցնեն նրանց մինչև իրանը օթևանները։ Իշխանները համեստությամբ մերժեցին