Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/350

Այս էջը հաստատված է

— Դու լավ տեսա՞ր նրանց։ Ի՞նչ տեսակ մարդիկ էին։

— Տեսա, ինչպես չտեսա,— և նա սկսեց նկարագրել տեսած մարդիկներին։

— Այդ մարդիկը չե՞ն վերադարձել։

— Չեն վերադարձել։ Եթե վերադառնային, ես կտեսնեի։

Կամուրջի այդ անքուն պահապանի հաղորդած տեղեկությունները փոքր֊ինչ հանգստացրին անծանոթին, և նա, բարի գիշեր մաղթել ով թշվառ արտաքս յալին, հեռացավ նրա ողորմելի բնակարանի մոտից։ Սկսեց կրկին դիմել դեպի ձիավորների բացօթյա իջևանը։

Ամենքը քնած էին ծանր, անզգա քնով, որ վայելում է ճանապարհորդը երկար հոգնությունից հետո։ Ձիաներից շատերը կերել, կշտացել էին, նույնպես պառկած էին խոտերի վրա, և հռհռալով թավալվում էին, որ փոքր ինչ կազդուրեն իրանց խոնջացած մարմինը։ Միակ անձնավորությունը, որ յուր հանգստության մասին չէր մտածում, նա էր, որ կամուրջի մոտից վերադառնալով, լուռ անցավ յուր փոքրիկ բանակի միջով, նայեց յուրաքանչյուրի վրա, հետո գնաց, անշարժ արձանի նման կանգնեց գետեզերքի մոտ։ Նրա վառվռուն աչքերը հառած էին դեպի այն մանր, հրեղեն բծերը, որ նշմարվում էին հեռվից, երբեմն հանգչում էին, երբեմն դարձյալ հայտնվում էին։ Եվ նրա սիրտը, այդ կրակների նման, վառվում էր անհնարին ջերմությամբ, և ավելի ու ավելի բորբոքում էր նրա անհամբերությունը։

Այդ միջոցին կամուրջով անցնում էին երկու հոգի։ Ամենայն աչալրջությամբ նայում էին նրանք ետ ու առաջ և, միևնույն ժամանակ, հազիվ լսելի ձայնով խոսակցում էին.

— Եթե եկած լինեն...

— Անպատճառ եկած կլինեն․․․

— Այս գիշերվա համար ժամանակ նշանակեցին...

— Եվ այդ կամուրջի մոտ․․․

Նրանց ոտնաձայնը հասավ գետնափորի մեջ պահված ուրուկի սուր ականջներին։ Նա գլուխը դուրս մեկնեց ծակից և ուշադրությամբ նայեց շուրջը։ «Այն երկու հոգին են․․․»—մտածեց նա, և սկսեց յուր գնդաձև մարմնով գլորվիլ դեպի եկվորները։

— Մի մարդ հարցնում էր ձեզ,— խավարի միջից ձայն տվեց նա։

Եկվորները մնացին շվարած, չգիտեին, թե ո՛րտեղից լսելի