Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/353

Այս էջը հաստատված է

գունդեր, և Շապուհի Արտագերսից հեռանալուց հետո սկսեց անմիջապես հետամուտ լինել։ Նա այնքան չմոտեցավ, մինչև Շապուհը յուր զորքերի բազմությունը բաժանեց մի քանի մասների։ Մի մասը հանձնեց Մերուժան Արծրունուն և Վահան Մամիկոնյանին, և մի մասը յուր Զիկ և Կարեն զորավարներին, թողեց նրանց հայոց գրաված երկրները պահելու և նոր նվաճումներ անելու։ Իսկ մնացած մասը յուր հետ առնելով, ճանապարհ ընկավ դեպի Պարսկաստան։ Այդ վերջին մասին հետամուտ եղավ սպարապետը։ Մինչև Թավրիզ հասնելը, նա մի հարմար տեղ, կամ մի հարմար ժամանակ չգտավ յուր դիտազորությունը ի կատար ածելու։ Այժմ թշնամին եկել, հասել էր Հայոց երկրի սահմանագլխին։ Եթե այժմ նա չդիմեր յուր նպատակին, այնուհետև ամեն հույս պետք էր կորած համարել։ Որովհետև նա կանցներ սահմանը, ոտք կդներ պարսկական հողի վրա, և գործը կդժվարացներ։ Ուրեմն պետք էր զուտ քաղել այդ գիշերից, այդ վերջին և միակ գիշերից։

Նա շարունակում էր դեգերել գետի ափերի մոտ և լի սրտմտությամբ նայում էր դեպի արևելքը։ Հեսուն՝ Իսրայելի հերոսը հրամայեց արեգակին կանգնել, մինչև վերջացնե յուր կռիվը։ Իսկ Մուշեղ Մամիկոնյանը՝ հայոց հերոսը կցանկանար հրամայել նրան, երբ ամենևին չդուրս գա, մինչև սկսե յուր կռիվը։ Երբեմն նրա անհամբեր աչքերը դառնում էին դեպի այն ճանապարհը, որով եկել էր նա։ Նայում էր դեպի խավար մթությունը, և նրա մրրկածուփ սրտում անդադար կրկնվում էր այդ հարցը. «Ի՞նչ եղան... ինչո՞ւ այդքան ուշացան...»։

Շատ չանցավ, նույն տեղում, ուր իջևանել էին նրա ձիավորները, հասան մի քանի խումբ նոր ձիավորներ։ Նա փոքր-ինչ հանգստացավ. դրանց էր սպասում։ Բայց այդ դեռ բոլորը չէր. դեռ մնացած մի քանի խումբեր ևս կային։

Նորեկ խումբերի գլխավորը մոտեցավ սպարապետին։

— Տեղեկություններ ստացա՞ր,—հարցրեց նա անհամբեր կերպով։

— Ստացա,—պատասխանեց սպարապետը ուրախ կերպով։

— Ի՞նչ կա։

— Ամեն ինչ լավ է։ Բայց մերոնք շատ ուշացան։ Ինչո՞ւ պետք է այդքան ուշանային...

— Երևի, կգան։ Դեռ բավական գիշեր կա։

— Բայց այստեղից մինչև բանակը բավական էլ ճանապարհ ա։ Մինչև հասնենք, բոլորովին կլուսանա։