Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/354

Այս էջը հաստատված է

— Ավելի լավ։ Գոնե կտեսնենք, թե ինչ ենք անում, և կույր հավկուրի նման խավարի մեջ չենք խարխափի։

Սպարապետը ժպտաց, բայց գիշերային մթությունը թույլ չտվեց նկատել նրա հեգնական ժպիտը։

— Դու բավական վստահություն ունես քո վրա,—Մեսրոպ,— ասաց նա։

— Ես ոչ թե բավական, այլ մեծ վստահություն ունեմ իմ ձիավորների վրա, Մուշեղ,— պատասխանեց փոքրիկ սպան։

Դա, իրավ, Մեսրոպ տարոնեցին էր։ Ինքը՝ կարճ, լեզուն՝ երկար։ Խոսակցությունը ընդհատեցին զանազան խուլ հնչյուններ, որ հայտնի չէր, թե որ կողմից էին լսվում։ Երկուսն էլ իրանց ուշադրությունը լարեցին դեպի այդ հնչյունները։

— Շեփորի և թմբուկների ձայներ են,— ասաց սպարապետը։ — Բանակի կողմիցն են լսվում։

— Այդ ի՞նչ է նշանակում,—հարցրեց Մեսրոպը փոքր-ինչ անհանգստանալով։

— Այդ պարսից առավոտյան ամենօրյա սովորությունն է,—հանգստացրեց նրան սպարապետը։— Գիշերը լուսանալու մոտ է․ շեփորները հնչեցնում են, թմբուկները դափում են, որ մարդիկ զարթնեն, պատրաստվեն, ծագող արեգակին երկրպագություն տալու համար։

— Շա՜տ գեղեցիկ, թող զարթնեն։ Իսկապես լավ բան չէ՛ քնած մարդու վրա հարձակվիլը։

— Բայց այդ դեռ առաջին կոչնական ձայնն է։ Մինչև արևի ծագելը երկու անգամ ևս պետք է հնչեցնեն։

Նրանք սկսեցին ետ ու առաջ շրջել գետի ափերի մոտ, մինչև բոլոր սպասվող խումբերը եկան։ Թե սպարապետը և թե Մեսրոպը՝ երկուսն էր վազեցին դիմավորելու։ Տեսնելով նրանց, մի բարձրահասակ երիտասարդ շտապով ցած իջավ ձիուց և գրկեց երկուսին ևս։

— Ես, երևի, երկար սպասել տվի ձեզ,—ասաց նա ներողություն խնդրելով։

— Բայց այդ իմ մեղը չէ։ Իմ բռնած ճանապարհը սաստիկ ցեխ էր։ Ձիաները հազիվհազ կարողանում էին շարժվել։ Երեկվա անձրևը բոլորովին փչացրել էր ճանապարհը։

— Ուրեմն պետք է սպասել, մինչև ձեր ձիաները փոքր-ինչ հանգստանա՞ն,— հարցրեց սպարապետը։

— Անպատճառ։ Սաստիկ հոգնած են։

Այդ զվարթ, փառահեղ երիտասարդը Սահակ Պարթևն էր