Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/355

Այս էջը հաստատված է

Ներսես Մեծի որդին։ Նրա ձիավորները առանձին խումբերով զետեղվեցան առաջիններից փոքր-ինչ հեռու, իսկ ինքը, սպարապետին և Մեսրոպին յուր հետ առնելով, մեկուսացան դեպի մի այլ կողմ, նստեցին գետեզրի մոտ, փափուկ խոտերի վրա։ Սպարապետը հաղորդեց նրանց՝ յուր լրտեսների միջոցով ստացած բոլոր տեղեկությունները։ Իսկույն կազմվեցավ մի բացօթյա պատերազմական խորհուրդ, որը տևեց մինչև պարսկական բանակից լսելի եղավ թմբուկների և շեփորների երկրորդ կոչնական ձայնը։ Այդ խորհրդավոր ձայնը շտապեցրեց նրանց։ Այդ ձայնը կոչում էր բարեպաշտ զրադաշտականներին դեպի աղոթք, դեպի երկրպագություն տվնջյան լուսատուին, իսկ հայոց ուխտապահներին կոչում էր նա դեպի կռիվ, դեպի արյունհեղություն...

Նրանք վերկացան, հրամայեցին պատրաստվել և ճանապարհ ընկնել։ Շեփորների և թմբրւկների երրորդ ձայնը պիտի ավետեր արշալույսի ծագումը։ Վճռեցին՝ որ գոնե այդ ժամանակ հասած լինեն նշանակած տեղը...


Կեսօրից բավական անցել էր։ Շապուհի բանակատեղը ներկայացնում էր խիստ տխուր տեսարան։ Կիսակործան վրանները, իրանց տեղում անշարժ մնացած, դատարկ էին։ Զինվորներ չկային նրանց մեջ, կար միայն պարսից վայելչասեր զինվորի հարուստ կարասին, որ մնացել էր իբրև ավար հաղթողին։ Ամբողջ բանակատեղը և նրա շրջակայքը ծածկված էին դիակներով։ Արյան թացությունը ամեն կողմում սարսափ էր ազդում։ Կենդանի մնացածները գերվել էին։ Փոքր չէր և փախստականների թիվը, որոնց դեռ որոնում էին։

Ինքը` արքայից արքան չէր երևում ոչ դիակների մեջ և ոչ գերիների թվում։ Ասողներ կային, նույնիսկ պարսիկներից, որ նա փախավ հենց այն ժամանակ, երբ առաջին հարձակումը գործեցին։ Նա փախավ յուր սենեկապաններից մեկի հագուստով, որ չճանաչվի։ Ձիավորների մի քանի սրընթաց խումբեր գնացել էին դեպի զանազան կողմեր բռնելու նրան։

Արքայական փառավոր վրանները՝ իրանց բոլոր հարստությամբ՝ մնացել էին իրանց տեղում։ Մնացել էր և կանանոցը, լի արևելքի և արևմուտքի գեղեցկուհիներով։ Նրանց թվումն էր արյաց տիկնաց-տիկինը—Շապուհի թագուհին։ Նրանց թվումն էր և Որմիզդուխտ օրիորդը—Մերուժան Արծրունու նշանածը։ Հայ պահակների