Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/356

Այս էջը հաստատված է

մի զինված շղթա բոլորել էր կանանոցի շուրջը և նրան անմատչելի էր կացուցել։

Պայտաձև բանակի հրապարակի վրա կանգնացրել էին գերիներին։ Նրանց միջից ջոկում էին ազնվականներին, ինչպես ոչխարները զատում են այծերից։ Երբ վերջացրին, ազնվականների թիվը հասավ վեց հարյուրի, որոնք զանազան աստիճանի զորապետներ և սպաներ էին։

Հրապարակի մեջտեղում, բարձր սայլացիցի ծայրին, շամփրած էր մի ճերմակազգեստ մարմին։ Դա մովպետան-մովպետն էր, այն հրեշը, որ Զարեհավանի ավերակների մոտ սայլացիցերի վրա բարձրացրեց հայոց իշխանազն տիկիններին և օրիորդներին։ Ամենի աչքերը հառած էին դեպի այդ սոսկալի մարմինը։

Այդ միջոցին, Շապուհի արքայական վրանների մի կողմում հարած էր հայոց սպարապետի հասարակ զինվորական վրանը։ Այստեղից երևում էր նրա հաղթության ամբողջ արդյունքը յուր բոլոր բավարար պատկերներով։ Ինքը, սպարապետը, նստած էր մի անշուք ճանապարհորդական բազմոցի վրա, որ բնավ չէր պատշաճում ոչ նրա աստիճանին և ոչ նրա փառքին։ Նրան շրջապատել էին յուր զինակից սպաները, որոնց մեջ առաջին տեղը բռնել էր Սահակ Պարթևը, և ապա Մեսրոպ տարոնեցին։

Լուռ էին նրանք, և բոլորի դեմքերի վրա նկարված էր մի տեսակ զայրացյալ դժգոհություն, որ տեղի է ունենում ջերմ հակաճառություններից հետո։ Ինքը, սպարապետը, սաստիկ խոժոռված էր, և յուր անհանգիստ մատներով անդադար ոլորում էր գեղեցիկ, սևորակ ընչացքները, կարծես թե նրանք արգելում էին բոցավառ շրթունքներին թափելու այն կրակը, որ մի քանի րոպե առաջ հեղում էր նա յուր զինակիցների գլխին։ Ոչ սակավ խռովյալ դրության մեջ էր գտնվում և Սահակ Պարթևը։ Նա կթողներ և իսկույն դուրս կգար այդ վրանից, եթե զինվորական պարտաճանաչությունը չզսպեր նրան։ Իսկ փոքրիկ Մեսրոպը, ինչպես ասում են, յուր կաշու մեջ չէր պարտակվում. անդադար շարժվում էր յուր տեղում, կարծես թե փշերի վրա նստած լիներ։

Ի՞նչ էր, որ այդպես վրդովմունքի մեջ էր դրել նրանց։ Ի՞նչ էր, որ այն րոպեում, երբ պետք էր հաղթության ուրախությունը վայելել, որի մեջն է փառքը և նրա մխիթարությունը,— ընդհակառակը, ձգել էր նրանց խորին սրտմտության մեջ։

Այդ բռնադատյալ հուզմունքը, որ րոպեապես լռության մեջ ամբոխվում էր, անտարակույս, նորից պետք է պայթեր, եթե