Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/358

Այս էջը հաստատված է

հետ տանելը՝ այդ բավական մեծ ծանրություն է, իսկ նրանց մորթիքը տանելը այդ բավական հեշտ է և թեթև։

Դահճապետը, որ առաջ կարծում էր, թե յուր հանձն առնելիք ծառայությունը հայերի վերաբերությամբ կլինի և այդ պատճառով այնքան մեծ հաճություն ցույց տվեց, այժմ հասկանալով սպարապետի ցանկությունը, ոչ միայն դժկամացավ նա, այլ նրան տիրեց մի տեսակ կատաղություն, որով հանդգնություն ունեցավ պատասխանելու.

— Ճշմարիտ է, տե՛ր սպարապետ, մենք, պարսիկներս, շատ վարպետ ենք այդ արհեստի մեջ։ Եթե դու տեսնեիր, բոլորովին կհիանայիր, թե ինչպես ես մորթազերծ արեցի քո հորը և նրա պաճուճապատանը լցրի խոտով... Իմ ձեռքով կատարեցի այդ.․. Այժմ ևս ո՛վ որ տեսնելու լինի, չի ասի, թե սպանված է նա... Դեռ գույնը յուր տեղումն է, դեռ աչքերը նայում են, և նայում են միշտ յուր թագավորի վրա, և այնտեղ, Անուշ բերդում, մխիթարում են միմյանց... Ես իմ գործը միշտ մեծ հաճությամբ եմ կատարում, երբ իմ ձեռքը տալիս են ազնվականներ... Իսկ քո հայրը, քեզ նման, ընդհանուր հայոց սպարապետն էր...

Դահճապետի լրբությունը, որով հիշեցնում էր նա սպարապետի հոր ցավալի վախճանը Տիզբոնում, վերին աստիճանի կծու էր։ Բայց դժբախտ հոր մեծահոգի որդին զսպեց յուր բարկությունը, ասելով.

— Տեսնու՞մ ես, այդ կնշանակե, որ ես չսխալվեցա իմ կարծիքի մեջ քո վարպետության վերաբերությամբ։ Դու սիրում ես ազնվականներին մորթազերծ անել, և ես քո ճաշակը գոհացնելու համար կտամ քո ձեռքր նույնպես ազնվականներ, և գիտե՞ս որքան՝ թվով վեց հարյուր... Գնա՛, հագի՛ր քո արյունագույն համազգեստը, գնա՛, բորբոքիր քո բոլոր անգթությունները և կատարի՛ր քո ըղձալի ծառայությունը։ Ինձ նույնպես շատ ցանկալի է պարսկին պարսկի ձեռքով մորթել տալ...

— Այդ ես չեմ կարող անել,— պատասխանեց նա համառությամբ։— Հրամայի՛ր, թող ինձ մորթեն։

— Քեզ անել կտան...— ասաց սպարապետը և, դառնալով դեպի յուր դրանիկները, հրամայեց.

— Տարեք այդ մարդուն, հավաքեցեք Շապուհի բոլոր դահիճներին, և կատարել տվեցեք...

Նրան հեռացրին։ Ներկա գտնվողները անհամբերությամբ լսում էին սպարապետի