Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/36

Այս էջը սրբագրված է

աչքերը։ Ամենայն զգուշությամբ և շնորհալի ձեռքով տանում էր նա դեղդիրը կոպերի միջով, որոնց եզերքը, ընդունելով իրանց վրա սև փոշին, այնպիսի տպավորություն էին գործում, կարծես սև գծերով եզերավորված լինեին։

Այժմ պետք էր հագցնել իշխանին։

Նախ հագավ մետաքսյա, ծաղկավոր պատմուճանը, կողքերից ճղած փեշերով, որ իջնում էին մինչև սրունքները։ Պատմուճանի լայն թևքերի ոսկյա կոճակները, որոնք պոչից կախ ընկած կեռասի ձև ունեին, ծառայում էին ավելի իբրև զարդ, քան թե բազուկները կոճկելու համար։ Բաց կուրծքը կոճկեց նա նույնպես ոսկյա կոճակներով, որոնք չափռաստների ձև ունեին։ Մեջքին կապեց ծանր, ականակուռ ոսկյա քամարը, որի ծայրերը, փակվելով միմյանց հետ, ներկայացնում էին մի բարձրաքանդակ աստղ սփռված ճաճանչներով։ Աստղի մեջտեղում վառվում էր մի խոշոր, վարդագույն գոհար, որ շրջապատված էր ավելի մանր գոհարներով։ Համարից, ձախ կողմի ազդրի վրա, քարշ տվեց յուր անբաժան նրանը, որի ծայրը հասնում էր մինչև ծունկը։ Այդ երկսայր զենքի թե պատյանը, և թե կոթը պատած էր ոսկով և զարդարած էր գեղեցիկ նկարներով։ Պատմուճանի վրա հագավ ասրյա կարճ թիկնոցը, որ նախշած էր ոսկեթել անկվածներով։ Կարմիր վարտիքի միայն ստորին մասներն էին երևում երկար պատմուճանի տակից, և այդ մասները, տակից հավաքված լինելով գունավոր սրունքակապերով, ուռուցավոր ծալքերով իջնում էին կարմիր կոշիկների վրա։ Նրա իշխանական պաճուճանքը լրացրին երկու ոսկյա գնտեր, որ քարշ տվեց ականջներից։

Նա այս առավոտ հակամայից այսպես հագնվեցավ։ Նա գիտեր, որ յուր մայրը անպատճառ կկանչե նրան, հայտնելու հորից ստացած նորությունները։ Այդ պատճառով կամեցավ երևնալ մոր աչքին այնպես, որպես սովորաբար տեսել էր նրան, որպեսզի նա առիթ չունենար կասկածելու, թե որդին վատ տեղեկություններ է ստացել։

Նա կրկին դուրս եկավ ընդունարանը, սկսեց մոլորված կերպով անցուդարձ անել սենյակի մեջ։ Նրան զբաղեցնում էր այն միտքը, թե ի՛նչպես պահե իրան մոր մոտ, երբ նա կսկսե խոսել Տիզբոնից ստացված լուրերի մասին։ Նա սարսափում էր, մտածելով, թե այնքան ուժ և կամքի զորություն կունենա՞ արդյոք, որ սառնասրտությամբ լսե մորից յուր հոր վարմունքները։ Մի անզգույշ խոսք, մի անզգույշ շարժում կարող էր մատնել նրան...