Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/363

Այս էջը սրբագրված է

ներքիները երկու կարգով շարվեցան մինչև դշխոյի վրանի մուտքը։ Սպարապետը, շրջապատված յուր թիկնապահներով, անցավ նրանց շարքերի միջով, որ կանգնած էին որպես երկու կենդանի պատեր։ Թիկնապահները մնացին վրանի մուտքի աջ և ձախ կողմերում, իսկ ինքը ներքինապետի հետ ներս մտավ։

Վրանում ոչ ոք չերևաց, որովհետև, դեռ սպարապետը ներս մտած, թագուհին յուր բազմոցի վրայից վերկացավ և անցավ վարագույրի ետևը, որ երկու մասն էր բաժանում վրանը։ Ներքինապետը ձեռքով ցույց տվեց, թե այնտեղ է թագուհին, և կարող է պարապետը խոսել։ Որքան սպարապետի համար տարօրինակ էր այդ, այնուամենայնիվ, հարգելով ընդունված սովորությունը, այլևս նստեց, և ոտքի վրա արտասանեց հետևյալ խոսքերը.

— Ողջո՜ւյն և խաղաղությո՜ւն արյաց մեծափառ դշխոյին։ Ես խիստ ցավում եմ, որ ներկայանում եմ այնպիսի դառն և ցավալի դեպքերից հետո, որ խիստ սակավ բառեր պիտի գտնեմ մխիթարելու քեզ, ով մեծափառ դշխո։ Բայց պետք է հաշտվենք պատերազմի տխուր արկածների հետ։ Այդ գործում մենք, հայերս, այնքան հանցավոր չենք, որքան հանցավոր է քո թագավոր-ամուսինը, ո‘վ մեծափառ դշխո։ Նա զենքը ձեռին ոտք դրեց մեր երկրի վրա և մեզ ստիպեց նույնպես զենք բարձրացնել նրա դեմ։ Բայց ես եկա ավետելու քեզ, ո՛վ մեծափառ դշխո, որ հայոց նախարարները գիտեն թշնամու վատությունը լավությամբ ջնջել։ Դու, իհարկե, ականատես եղար, թե ո՛րպես վարվեցավ քո թագավոր֊ամուսինը մեր կանանց հետ՝ Զարեհավանի ավերակների մոտ։ Բայց ես չեմ ցանկանա նրա չարության փոխարեն՝ չար գործել։ Ես քեզ, մեծափառ դշխո, և Շապուհ արքայի բոլոր կանանցը, որ այժմ գերի են իմ ձեռքում, իրանց աղախիններով ու ներքինիներով, կդնեմ Ժանդարների մեջ, և էգուց ամենայն պատվով կուղարկեմ Տիզբոն։ Ձեզ կուղեկցեն իմ ձիավորների զինված խումբերը, և ապահովությամբ հասցնեն մինչև Շապուհի արքունիքը։ Թո՜ղ Շապուհը տեսնե ձեզ, և գուցե ստրջանա, թե ինքը ո՛րքան անիրավ վարվեցավ...

Դեռ սպարապետը յուր խոսքերը չէր ավարտել, հանկարծ թագուհին վարագույրի ետևից դուրս հայտնվեցավ և, հափշտակված կերպով ղրկելով սպարապետի ոտները, բացականչեց.

— Դու մարդ չես, քո լեզվով խոսում է անմահ Որմիզդի ոգին, որ բոլոր բարությանց արարիչն է։ Այդ անակնկալ հայտնությունը այն աստիճան շփոթեցրեց սպարապետին, որ նա հազիվհազ կարողացավ վեր բարձրացնել