Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/366

Այս էջը սրբագրված է

դրած էր Արշակ թագավորի առջև, և պահել Տիզբոնի մեծ տաճարում։ Իսկ նրա մեծահոգության հիշատակը հավերժացնելու համար, նրա պատկերը, յուր ճերմակ ձիու վրա նստած, նկարել տվեց յուր ոսկյա բաժակի վրա, որով միշտ սովորություն ուներ խմել։ Եվ ամեն անգամ, հանդիսավոր տոնախմբությունների ժամանակ, երբ ձեռքն էր առնում այդ բաժակը, հիշում էր ազնիվ հերոսի ազնիվ գործը, և խմում էր կրկնելով, «Ի փառս ճերմակաձիույն»,— այսինքն՝ ճերմակ ձի նստողի փառքի համար։

Այդ՝ Մամիկոնյան իշխանի բարոյական վեհության արձանն էր, որ քանդակել տվեց պարսից արքայից արքան յուր սրտի և յուր ուրախության բաժակի վրա։ Բայց նա ուներ և յուր քաջության արձանը, որ մի ժամանակ կանգնեցրին նրա համար ասորիները Միջագետքում, որ կոչվում էր «Դուռն֊Հոնի»։ Եփրատի ափերի մոտ բարձրանում էր մի ահագին քարաժայռ, որի հարթած ճակատի վրա քանդակած էր մի սպառազինված հերոս, նստած սիգապանծ նժույգի վրա, իսկ նրա ոտների տակին՝ ընկած էր մի հաղթահարված հսկա։ Ձիավորը ներկայացնում էր Մուշեղ Մամիկոնյանին յուր անբաժան ճերմակ նժույգով, իսկ ընկած հսկան ներկայացնում էր այն սոսկալի ելուզակին, որ երկար ժամանակ ասպատակում էր Միջագետքը և Հայաստանի հարավային գավառները։ Մի մենամարտության մեջ Մուշեղը սպանեց նրան և ազատեց երկիրը այդ հրեշի կատարած ավերմունքներից։

Բայց նրա մեծահոգության արձանը ավելի բարձր եղավ քաջության արձանից

ԺԱ

«ԵՐԿՈՒ ՉԱՐՅԱՑ ՓՈՔՐԱԳՈՒՅՆԸ»

«Ապա յետ այսր ամենայնի Մուշեղ Որդի Վասակայ ժողովեաց զամենայն ազատագունդ մարդկանն... եւ չոգաւ հանդերձ նոքօք առ թագաւորն յունաց։ Եւ եցույց զպաղատանս աշխարհին Հայոց, և զամենայն անցս տառապանաց՝ որ անցեալ էր ընդ նոսա, և խնդրեաց ի կայսերէն զՊապ զորդի Արշակայ թագաւոր ի վերայ Հայոց աշխարհին»։

Փաւստոս։

Մուշեղ Մամիկոնյանի հաղթական փառքով վերադարձը ընդհանուր ուրախություն պատճաոեց թե՛ հայոց տիկնոջը՝ Փառանձեմին