Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/367

Այս էջը սրբագրված է

և թե՛ նրա շուրջը խմբված ավագներին։ Մի քանի օր Արտագերսը տոնում էր այդ փայլուն հաղթությունը։ Տիկնոջը հաղթելի չթվեցավ միայն Շապուհի կանանցը վերադարձնելը, այնուամենայնիվ, թաքցնելով յուր խորին դժկամությունը, հենց առաջին րոպեում, երբ սպարապետը ներկայացավ նրան, նա ղրկեց և համարեց յուր քաջ հերոսի արժանի ճակատը։

Թշնամուց Հափշտակած ավարը տիկինը հրամայեց բաժանել այն զինվորներին, որոնք մասնակցել էին այդ կռվի մեջ։ Ինքը ընդունեց միայն, իբրև թանկագին պարգև, Մուշեղի բերած վեց հարյուր պարսիկ ազնվականների պաճուճապատանները, որոնց մի մասը դրեցին Արտագերսի աշտարակների բարձրության վրա, իսկ մյուս մասնով՝ հրամայեց նա զարդարել սպարապետի տան ճակատը։

Այդ օրերում սպարապետը խիստ հազիվ անգամ յուր տանից դուրս էր գալիս՝ բազմության ուրախաձայն խնդակցությանը չհանդիպելու համար, որը սաստիկ ազդում էր նրա անփառասեր համեստության վրա։ Ազատանի կանայք և օրիորդներ խումբերով այցելում էին նրա տիկնոջը և «աչքալուսանք» էին տալիս։ Քահանան խաշը ձեռին հայտնվում էր և օրհնության մաղթանք էր կարդում։

Այդ բոլորի մեջ՝ ամեն ինչ ուրախալի էր, ամեն ինչ վերին աստիճանի գոհացուցիչ էր, միայն Մուշեղի և Սահակ Պարթևի մեջ տեղի ունեցած հակառակությունը, Շապուհի կանանց վերաբերությամբ, ոչ սակավ հոգսեր պատճառեց հայոց թագուհուն։ Նրա համար խիստ ծանր էր, գործերի դեռ բոլորովին խառն դրության ժամանակ, հայոց այդ երկու նշանավոր տոհմերի ներկայացուցիչնեին՝ միմյանց հետ անհաշտ հարաբերությունների մեջ տեսնել։ Նա մտածեց հաշտեցնել նրանց, բայց, ի նկատի առնելով երկուսի անողոք համառությունն ևս, այդ միտքը թողեց մի ավելի հարմար ժամանակի։

Որքան Մուշեղը, Շապուհի կանանցը վերադարձնելով, շատերին տհաճություն պատճառեց, այնքան Որմիզդուխտին գերի վեր առնելով, մասամբ մեղմացրեց այդ տհաճությունը։ Թագուհին որոշեց նրա բնակության համար առանձին բաժին արքայական ապարանքում, և պահում էր խիստ հսկողության ներքո, թեև այնտեղ նրա կացության համար ամեն արժանավայել բավականություններ պակաս չէին։

Ոչ սակավ ուրախություն պատճառեց թագուհուն յուր եղբայրների